Դեռ հարց է Փաշինյանից հետո ունենալո՞ւ ենք երկիր, թե՞ հայտնի էպոսի ավերակներն են մեզ մնալու

«Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն կամ արտահայտություն ակնհայտ թելադրված կամ ուղորդված է Ալիևի կողմից։ Դրա օրինակները բազում են, որ Ալիևի հայտարարությունից անմիջապես հետո՝ 1-2 օրվա տարբերությամբ նույն բանն ասում է Նիկոլ Փաշինյանը»,-MediaHub-ին ասում է վերլուծաբան Արմինե Հայրապետյանը՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հարցին։
«Ովքե՞ր են ուզում, որ լուծարվի այդ կառույցը, ովքե՞ր են դրա շահառուները․ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Մարիա Զախարովան էլ բազմիցս ասել է, որ ՄԽ կառույցի գոյությունն այլևս ավելորդ է, որովհետև հակամարտությունը լուծված է, չկա Լեռնային Ղարաբաղի հարց»,-նշում է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ Փաշինյանի այս ուղորդված, թշնամու նարատիվները կրկնող հայտարարություններն ապօրինի են ու հակասահմանադրական։ Իրենից հետո այս ամենը նորից պետք է վիճարկվի ու չեղարկվի, քանի որ Ալիևի ու Փաշինյանի համատեղ որոշումը մեծ վտանգներ է պարունակում ոչ միայն արցախյան հարցի, այլև Հայաստանի անվտանգության համար։
«Մինսկի խումբը բազմիցս նշել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ Արցախում կատարված ցեղասպանական գործողությունների փորձից հետո Ալիևի ագրեսիան արդարացվում է, որ ինքը կարող է հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով, ուժի սպառնալիքով։ Սլաքներն ուղղվում են ՀՀ դեմ, այն տրամաբանությամբ, որ, փաստորեն, Հայաստանն «օկուպացրել էր» Արցախը։ Իսկ Մինսկի խումբն այն եզակի լծակն է, որը թույլ չի տալիս ՀՀ-ն ագրեսոր կամ օկուպանտ ճանաչվի։ Պետք է հասկանալ մի պարզ բան, նորից եմ կրկնում՝ Փաշինյանի գործողությունները հակասահմանադրական են և նրա վարչապետ չլինելու դեպքում, այս ամենը պետք է չեղարկվի։ Բայց դեռ հարց է՝ իրենից հետո լինելու է երկիրը, թե՞ հայտնի էպոսի մեջ ասված մեզ ավերակներ են մնալու»,-հավելեց Հայրապետյանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը մանդատ ունեցող միակ կառույցն էր, որ տարիներ շարունակ զբաղվում էր արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցով։ Այսօր էլ կառույցը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված չի համարում, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ իրականացրել է էթնիկ զտում, որի պատճառով այժմ Ղարաբաղի տարածաշրջանում հայեր չեն ապրում։ Ի դեպ, Եվրոպայում ու ԱՄՆ-ում ևս շարունակում են խոսել արցախաադրբեջանական հակամարտության մասին, նրանք ևս հարցը փակված չեն համարում։
Հունան Թադևոսյան