Ինչո՞ւ չեն կարողանում վճարել «կարմիր գծերի» համար և ինչպե՞ս տարբերել Ա գոտին Բ գոտուց

Ինչո՞ւ չեն կարողանում վճարել «կարմիր գծերի» համար և ինչպե՞ս տարբերել Ա գոտին Բ գոտուց

Հունվարի 1-ից սկսած՝ վարորդները դժգոհում են, որ քաղաքապետարանի թանկացրած «կարմիր գծերի» համար չեն կարողանում տերմինալներով վճարում կատարել։ Համացանցում «սքրիններ» են տեղադրում, որ մի շարք վճարահաշվարկային տերմինալներ, օրինակ՝ Easy Pay-ը, չեն ընդունում վճարումը ծրագրային խնդրի պատճառով։

Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ վճարում հնարավոր է կատարել, բայց ընդունեց, որ խնդիր կա։

«Ձեր մատնանշած Easy Pay-ը հենց առաջին օրվանից ինտեգրված է, և դրանով հնարավոր է կատարել։ Այո, կան մի քանի վճարահաշվարկային կազմակերպություններ, որոնք բանկային փոխանցման տարբերակով չեն առաջնորդվում վճարումներն ընդունելիս, այլ ծրագրային API-ով են ինտեգրված, տվյալ API-ը դեկտեմբերի 27-ից տրամադրված է տվյալ վճարահաշվարկային կազմակերպություններին, որպեսզի փոփոխությունը կատարեն, ուղղակի տոներով պայմանավորված՝ իրենք իրենց մասով չեն հասցրել դա անել։ Ենթադրում եմ՝ առաջիկա շաաբթվա ընթացքում ավարտած կլինեն»,- ասաց Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս պահին էլ, միանշանակ, էլեկտրոնային տարբերակով վճարումները հասանելի են, մարդիկ կարող են  e-Payments-ի միջոցով քարտային վճարում կատարել, ինչպես նաև կարող են բանկային փոխանցում անել, կամ վճարաշահվարկային տերմինալներից, որոնք ակտիվ են արդեն, դրանց միջոցով վճարել, ինչպես նաև հենց առաջին օրվանից SMS հաղորդագրության միջոցով հասանելի են ժամային վճարումները։

Ի դեպ, կենտրոնում «Ա» գոտու համար քաղաքացին պետք է SMS հաղորդագրության միջոցով վճարելու դեպքում իր մեքենայի պետհամարանիշը ուղարկի առաջվա նման 1045 կարճ համարին, որի դեպքում կայանման մեկ ժամն արժե  300 դրամ, իսկ «Բ» գոտում կայանելու դեպքում պետք է SMS հաղորդագրություն ուղարկի 5045 կարճ համարին, որի դեպքում կայանման մեկ ժամն արժե 200 դրամ։ 

Հարությունյանն ասաց, որ վարորդները կարող են տեղեկանալ՝ իրենք որ գոիտիում են կայանում տեղեկատվական ցուցանակներից։ «Ցուցանակների տպագրությունն ամբողջությամբ փոխվել է «Ա» գոտում ցուցանակը դարձել է կարմիր գույնի, իսկ «Բ» գոտում՝ կապույտ գույնի է»,- հավելեց Հարությունյանը։

MediaHub-ը վարորդներին հիշեցնում է այն փողոցների ցանկը, որոնք ներառված են Ա գոտում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները):

Իսկ ահա Բ գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները):

Վահե Մակարյան