Քաղաքական օրակա՞րգ, թե՞ պատրանք...

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:
Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ այս հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի նախաձեռնությամբ, ավելի ստույգ՝ նրա հայաստանյան, այսպես ասած, վտարանդի գործունեության միակ արդյունքն է:
Հանձնախմբի ձևավորման հետ կապված գետնի վրա մի քանի հարցեր կան:
Արդյո՞ք այս ինստիտուտի ստեղծմամբ Արցախի պետական մարմինները հայտնվելու են ստվերում՝ իրենց լիազորությունները պատվիրակելով հանձնախմբին, թե՞ սա միջոց է լրացնելու Արցախի հարցով Հայաստանի իշխանության անգործության հետևանքով առաջացած վակուումը: Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, որովհետև Արցախի տարբեր գործիչների կողմից հնչել են իրարամերժ հայտարարություններ:
Մյուս կողմից, Վարդան Օսկանյանի կարգավիճակը նոր հանձնախմբում ունենալու է անխուսափելի ներքաղաքական հետևանք, որովհետև սրելու է հակադրությունը պաշտոնական Երևանի և Արցախի իշխանությունների միջև:
Եվ վերջապես՝ որքանո՞վ է իրատեսական հանձնախմբի առաքելությունը, արդյո՞ք միջազգային օրակարգում տեսանելի ապագայում կարող է իրական դառնալ արցախահայության խնդիրը, անգամ՝ հումանիստական ասպեկտով:
Վահրամ Բագրատյան