Ողբերգական վթար՝ Արարատում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն, վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Ադանա» ռեստորանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Հ.-ի վարած Opel Combo մակնիշի և 23-ամյա Գոռ Վ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակնի հենասյուներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: