Հանձնառու ենք աջակցել Արցախի հարցի խաղաղ կարգավորման լուծում գտնելու հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. ԼԻՆ Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, թե հանձնառու են աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և որպես Միացյալ նահանգներ՝ ՀՀ-ի բարեկամ և գործընկեր։
«Հանձնառու ենք աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման լուծում գտնելու հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես ԱՄՆ»,-ասել է նա՝ հավելելով, որ կողմերին կոչ են անում զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետարաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։
«Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ սա բարդ հակամարտություն է։ Մենք ՀՀ վարչապետի անցած շաբաթվա խոսքը ողջունում ենք և կարևոր ենք համարում, ինչպես նաև բոլորին կոչ ենք անում, որ հանդես գան խաղաղությանը աջակցող նման ուղերձներով։ ․․․Մինսկի խմբի մասին Ռուսաստանի հայտարարությունը համակարգված չէր բոլոր կողմերի հետ և չի արտացոլում ԱՄՆ մոտեցումն այս հարցի շուրջ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ բարդացել է Մինսկի խմբի գործունեությունը, բայց կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար»։