Ադրբեջանում հայերի նկատմամբ են ատելություն քարոզում, ՀՀ իշխանությունն էլ նույնն անում է արցախցիների նկատմամբ

Ադրբեջանում հայերի նկատմամբ են ատելություն քարոզում, ՀՀ իշխանությունն էլ նույնն անում է արցախցիների նկատմամբ

«44-օրյա պատերազմում պարտված, Արցախը հանձնած ու Հայաստանի ապագան հարցականի տակ դրած իշխանության թիվ մեկ խնդիրը 2023-ին պետք է լիներ տեղահանված անձանց համախմբումը, նոր միջավայրին, սոցիալական խնդիրներին արագ ու համապարփակ արձագանքելը, դրանք լուծելը, ինչպես նաև ամբողջ ներուժի իրացնելը, որ օր առաջ Բաքվում պահվող գերիներն ու պատանդները վերադարձվեն Հայաստան։ Այսպես կանեին ազգային իշխանությունները»,- MediaHub-ին ասում է Բաքվում պահվող գերիներից մեկի մայրը, ում այլևս չի զարմացնում ՀՀ իշխանության վերաբերմունքը արցախցիների հանդեպ։ 

Նրա որդին գերեվարվել է Արցախի պաշտպանության մարտերից անմիջապես հետո, երբ հայտնվել էր շրջափակման մեջ։  

«Մեկ տարի 5 ամիս է աչքս ջուր է կտրել տղայիս սպասելով։ Անորոշության մեջ ենք, միայն ժողովրդի կողմից ենք արժանանում ուշադրության։ Ամբողջ իրավապաշտպան համայնքը կռիվ է տալիս Բաքվի ղեկավարության դեմ, իսկ իշխանությունը ոչինչ չի անում մեզ վիրավորելուց բացի»,- իր վրդովմունքն է հայտնում մայրը։  

Բաքվի կողմից հրապարակված կադրերում գերեվարված անձինք հյուծված ու ծերացած տեսք ունեն։ Սա վկայում է, որ նրանք այնտեղ շարունակաբար նվաստացումների և ստորացումների են ենթարկվում։ 

«Թող չխոսեն, թող ոչինչ չանեն, միևնույն է դրանց ամեն մի խոսքը մեր բալեքի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի աչքին արցախցիներն ահաբեկիչներ են երևում։ Իմ տղան ուժեղ է, Բաքվում կդիմանա, էդ մենք ենք թույլ, որ այդ թրքահպատակ մարդիկ դեռ ղեկավարում են Հայաստանը»։  
Գերիների ու անհետ կորածների ծնողները շատ անգամ են հանդիպումներ ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն, պատասխաններից դժգոհ դուրս են եկել։ Նոր հանդիպում նախատեսված չէ, հոգնել են։ 

«Ամեն անգամ նույն լղոզված տեքստը, նույն կեղծ մտահոգությունը, իրար հակասող ու անհասկանալի նախադասությունները։ Դրա համար անիմաստ ենք համարում նոր հանդիպումը, որովհետև վստահ եմ՝ ոչ մի քայլ չի արվում։ Մեր հարազատները մատնված են բախտի քմահաճույքին»,- ցավով շեշտում է նա։ 
Մեր զրուցակիցն առաջին անգամ չէ, որ լսել է իշխանությունների մեղադրանքը, թե արցախցիները փախել են, չեն կռվել։ Այս խոսույթը տարածվում է ժողովրդի վրա, ատելության խոսք է ձևավորվում։ 

«Մի օր խանութի աշխատողը հարցրեց՝ «Արցախից ե՞ք», ասացի այո, ասաց՝ «փախել եկել եք հերիք չէ, մեզանից լավ եք ապրում»։ Ես նրան բացատրեցի, որ չենք փախել, հարկադրված ենք դուրս եկել, այնտեղ կոտորած էին իրականացնում, մնայինք մեռնեի՞նք։ Տղաս գերության մեջ է, ես հիվանդ կին եմ, արի ունեցածս կիսեմ, բայց այդ խոսքն էլ չասես։ Դրանից հետո նա ներողություն խնդրեց։ Այսինքն, ստացվում է՝ Ադրբեջանի իշխանությունը սեփական ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ատելության  քարոզ է տանում, իսկ ՀՀ իշխանությունը նույնն անում է արցախցիների նկատմամբ։ Հետևաբար, ինչո՞վ են տարբերվում ադրբեջանցիներից»,- հավելում է գերեվարվածի ծնողը։

Հունան Թադևոսյան