Կացարանի հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Կացարանի հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Զինվորական կացարանի հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում ասաց Զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում  նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր տեղեկությունն էլ այլ կերպ է ընկալել։

Զորամասին ռազմական մեքենաների համար տրվել է 80 լիտր բենզին, որը լցված է եղել 10 տարաների մեջ։ Ավտոտնակում եղած 10 տարաներից մեկը դեպքից հետո այնտեղ չի եղել։ Այն ենթադրաբար օգտագործել են վառարանը վառելու համար։

Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների  հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: