Վառելիքը բավական է միայն մեկ օրվա․ ինչ վիճակ է Լարսում (լուսանկարներ)

Վառելիքը բավական է միայն մեկ օրվա․ ինչ վիճակ է Լարսում (լուսանկարներ)

Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարս անցակետում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել: 

MediaHub-ը կապ հաստատեց վարորդներից մեկի հետ, ով ձյան պատճառով արդեն երկու օր է նույն կետում կանգնած է։

«Շատ-շատ են մեքենաները, իսկ վառելիքը բավական է միայն մեկ օրվա, որ տաքացնեմ մեքենան։ Եթե ճանապարհը չբացեն, պետք է գնանք նորից վառելիք գնենք մի տեղից, որ կարողանանք տեղից շարժվել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ իր բեռնատարում հրավտանգ ապրանք է և օրենքով այդ ապրանքով ընդհանրապես չի թույլատրվում հերթի մեջ կանգնել, բայց ինքը միևնույն է հերթի մեջ է:

«Իհարկե, ձյունն է պատճառը, բայց վրացական մեքենաներն անցնում են, ոնց որ անցյալ տարի, միշտ էլ սենց է եղել: Այս պահին կանգնած են ռուսական և հայկական պետհամարանիշներով մեքենաները»,- ասաց նա:

Հարցին՝ դիմե՞լ են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, արձագանքեց` ոչ, չենք խոսել, իմաստ չկա:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

Մարիաննա Արամյան