Հարցերը պետք է տեղում լուծել և ոչ թե ցուցադրական «բացակա»-ներ հավաքել. Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ նոյեմբերի 23-ին և չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Լուրը, որի մասին դեռ շաբաթներ առաջ էինք գրել, այսօր հաստատեց Փաշինյանի խոսնակը:
Այս կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք հայտնեց:
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հերթական անգամ «բացակա» ստանալ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի ունեցող հանդիպումից, և ո՞ւր կհասցնի Հայաստանի ղեկավարի հերթական քաղաքական արկածախնդրությունը։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։
«Ակնհայտ է, որ Հայաստանը գնալով հեռանում է Ռուսաստանից՝ փաստացի ընտրելով այն կազմակերպություններում անդամակցության սառեցման ճանապարհը, որոնք սատարում են Ռուսաստանին: ՀԱՊԿ-ն այս ամենի վառ օրինակն է, առաջին անգամը չէ, որ Հայաստանը մերժում է ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ ծրագիր, անկախ նրանից՝ դա կլինի նիստ, թե զորավարժություն»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ունի մի շարք առավելություններ, և «եթե շատ ժամանակ ասում են, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ բաներ չի անում, ապա ԵԱՏՄ-ի վերաբերյալ նման տրամաբանությունը ռելևանտ չէ։ Միանշանակ կան մի շարք հարցեր, որոնք մինչև 2025 թվականը պետք է համաձայնեցվեն»։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ն լքելուն, ապա Հայաստանի հիմնական առևտրաշրջանառությունն իրականացվում է Ռուսաստանի հետ, տարեկան մոտ 5 միլիարդի չափով, իսկ այս տարի ավելի մեծ թիվ կլինի։ Ինչ-որ տեղից դուրս գալու համար սկզբում պետք է դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները և նոր խոսել այդ մասին։ Առաջին անգամ արտահանումը ներկրումից ավելի մեծ է Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանի խոսքով՝ «եթե տարանջատենք անվտանգությունն ու տնտեսությունը, ապա անվտանգության ոլորտում արդեն բեկում եղել է, իսկ տնտեսության ոլորտում, համենայնդեպս դեռ, կայուն է վիճակը»։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ միջազգայնագետը նշեց՝ որքան էլ քննադատորեն փորձի մոտենալ այս կազմակերպությանը, միևնույն է, եթե կան հարցեր, ապա պետք է գնալ և տեղում լուծել դրանք և ոչ թե ցուցադրական «բացակա»-ներ հավաքել և «նեղացած» կեցվածք ընդունել:
«Մեկ անգամ այս մեթոդները փորձելուց հետո, պետք էր հասկանալ, որ դրանք չեն աշխատում և գտնել այլ գործիքներ։ Օգտագործելով նույն գործիքները, ամեն անգամ տարբեր արդյունքի սպասելն առնվազն հեռանկարային չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ լուրջ չէ»,- եզրափակեց Մելքոնյանը։
Մարիա Զարգարյան