Սուտ են այդ տեղեկությունները, թե գաղտնալսել են, դիմում գրել եմ անձամբ․ Գևորգ Բաղդասարյան

Սուտ են այդ տեղեկությունները, թե գաղտնալսել են, դիմում գրել եմ անձամբ․ Գևորգ Բաղդասարյան

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով այս տարվա հունվարի 4-ին գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշանակվեց ՔԿ նախագահի խորհրդական։ Նա, հիշեցնենք, պաշտոնից ազատվել էր անցյալ տարվա հունիսին՝ սեփական դիմումի համաձայն։ 

Նույն պահին ազատման դիմում գրել և դատախազությունից հեռացել էր Քոչարյանի գործով մեկ այլ դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Երկուսի ազատման պատճառն էլ դատախազ Աննա Վարդապետյանի հետ ունեցած լարված հարաբերություններն էին։

Գևորգ Բաղդասարյանը Mediahub-ի հետ զրույցում իր՝ ՔԿ նախագահի խորհրդական նշանակվելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ Արգիշտի Քյարամյանի կողմից ստացել է առաջարկ և ընդունել է այն։ 

-Իսկ այդ առաջարկը նո՞ր է արվել, թե՞ վաղուց կար, պարզապես նոր համաձայնեցիք։
-Չեմ կարծում՝ էդ մանրամասները շատ կարևոր են․ խորհրդականի պաշտոն եմ զբաղեցնում, առաջարկն ուրիշից չէի կարող ստանալ, ստացել եմ, ընդունել ու նշանակվել։

-Դուք մի քանի ամիս առաջ ազատվեցիք գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Ի՞նչն էր պատճառը, որ այն ժամանակ ազատվեցիք, և տևական ժամանակ աշխատանքի չէիք անցել, ու հիմա նոր տեղափոխվեցիք Քննչական կոմիտե։
-Այդ ընթացքում հանգստացել եմ, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ՝ ավելի շատ, քան մինչև էդ զբաղվել եմ։ Այսինքն՝ մասնագիտությամբ եմ էլի զբաղվել։ Չեմ կարծում, թե աշխատանքից սեփական դիմումի հիման վրա ազատվելը ենթադրում է, որ հաջորդ օրը պետք է ընդունվես ինչ-որ մի տեղ աշխատանքի։

-Իսկ դատախազի հետ հարաբերությունները լարվա՞ծ էին, որովհետև այդ օրերին տարբեր հրապարակումներ եղան Ձեր ազատման մասին։
-Ոչ մի կերպ չեմ մեկնաբանում դա։

-Ձեզ գաղտնալսե՞լ են, երբ դատախազությունում էիք։
-Քանի որ դրա մասին ինչ-որ բաներ են գրում, ուղղակի կարճ ասեմ՝ սուտ են այդ տեղեկությունները, դիմում գրել եմ անձամբ, իմ՝ աշխատանքից ազատվելու հետ կապված որևէ մեկը երբեք որևէ խոսակցություն չի ունեցել, որևէ ակնարկ չի արել։ Կարծում եմ՝ դա էլ հաստատում է, որ սուտ են այդ տեղեկությունները, թե գաղտնալսել են։

-Գուցե գաղտնալսելը՝ ուղիղ չէ, բայց ինչ-որ հանգամանքներ, ամեն դեպքում, նպաստել են, չէ՞, որ դիմում գրեք ազատվեք։ 
-Ավել բան չեմ ուզում մեկնաբանբել, ես եմ որոշել։ Քանի որ, ճիշտ եք, մամուլում էդպիսի բաներ գրվում են, ուղղակի էդքանը անհրաժեշտ համարեցի ասել, որ սուտ է։

-Իսկ դատախազ Աննա Վարդապետյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են եղել այն ժամանակ կամ հիմա ինչպե՞ս են, ունե՞ք որևէ հարաբերություն։
-Ոչ մի կերպ չեմ մեկնաբանում՝ ոչ նախկինում, ոչ հիմա ունեցած հարաբերությունները:

-Քննչականն ու դատախազությունը թեև գործընկեր կառույցներ են, բայց ինչ-որ տեղ նաև մրցակցություն կա նրանց միջև։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը այստեղ և ի՞նչ խորհուրդներ եք տալու կառույցի ղեկավարին այդ իմաստով։ 
-Բոլորս այն կարծիքին ենք, որ քննիչի և դատախազի աշխատանքն ուղղված է մի նպատակի․ այդ նպատակները ձևակերպված են օրենքում, իսկ մնացած երանգավորումները ճիշտ չեն, բոլորի աշխատանքը պետք է ուղղված լինի քրեական օրենսդրության մեջ գրված խնդիրների իրականացմանը։

-Իսկ դատախազության և անձամբ դատախազի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։
-Ես չէ, որ դատախազի կամ որևէ մեկի աշխատանքը պիտի գնահատեմ։

Պետրոս Պետրոսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Վահե Մակարյան