Ռևազյանը հլու-հնազանդ կատարել է իր դեմ դրած խնդիրը․ ավիացիայից բան չի մնացել․ Հակոբ Ճաղարյան

Ռևազյանը հլու-հնազանդ կատարել է իր դեմ դրած խնդիրը․ ավիացիայից բան չի մնացել․ Հակոբ Ճաղարյան

Ռևազյանը հաջողեց․ իր նշանակման նպատակները լրիվ կատարել է՝ ավիացիայից բան չի մնացել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը՝ խոսելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի մասին։

Ռևազյանը հրաժարականի տեքստում նշել էր, որ հպարտ է այն արդյունքներով, որոնց իր թիմն է հասել։ Ճաղարյանն ընդգծեց, որ Տաթևիկ Ռևազյանը ՔԱԿ-ում թիմ չի ունեցել։

«Նրա թիմը կառավարության հրապարակի մասնաշենքում է նստում: Ու ճիշտ է՝ իր թիմն իրենց նպատակին հասել է»։

Արդեն նախկին ՔԱԿ նախագահը հայտարարել էր, ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով և հարցին, թե ո՞րն է այդ ճիշտ ուղին, ի՞նչ են արել միջազգային բարձր որակ ապահովելու համար՝ Ճաղարյանը պատասխանեց․

«Միջազգային բարձր որակի կառույցի պատվավոր «սև ցուցակում» են հայտնվել, ու նույնիսկ ամրապնդել դիրքերը»։

Հիշեցնենք, որ Ռևազյանը գրել էր, թե Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ին կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

«Դեպի ՀՀ ուղևորահոսքի աճը հիմնականում պայմանավորված է երկրից արտահոսքով և տուրիստական ընկերությունների աշխատանքի որակով: Ավիացիոն իշխանութնունները, կոնկրետ ՔԱԿ-ը, իր գործառույթների շրջանակում կարող է այս գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունենալ միայն այնքանով, որ քաղաքացիական ավիացիայի համաշխարհային ստանդարտներով ու կարգավորումներով ապահովի թռիչքային և ավիացիոն անվտանգության համակարգերի կառավարում և արդար մրցակցության ապահովում: Սրանցից ոչ մեկը ՔԱԿ-ը չի կատարել: Առաջին երկուսի չկատարման պատճառով հայտնվել ենք ԵՄ «սև ցուցակում»: Երկրորդի մասին խոսելու տեղ չի մնում ՀՀ ավիացիոն իշխանությունների` «սև ցուցակում» գտնվելու պատճառով տեղական ավիափոխադրողների համար դեպի Եվրոպա թռիչքների արգելքների պատճառով:
Նմանապես դեպի ՌԴ` այդպես էլ անհավասարությունը պահած գնային քաղաքականության հետևանքով: Ինչի դեմ ես մոտ 1 տարի պայքարեցի, ու նույնիսկ այս վարչապետի անգործության, ու իր նախկին տեղակալի` ծրագրիս անթաքույց հակազդեցության պայմաններում որոշակի հաջողության հասա։ Տուրիզմն էլ ինքնաբուխ է զարգանում: Պետության կողմից իրականացվող որևէ ծրագրի մասին ո՛չ տուրիստական ընկերություններն են լսել, ո՛չ ես: Ինքնաբուխ, ինքնահամակարգված աշխատում են մարդիկ, ու զարցացնում և արտագնա տուրիզմը, և ներգնա»,- մեկնաբանեց նա։

Խոսելով չորս տարի Ռևազյանի պաշտոնավարման մասին՝ վերջինս ընդգծեց, որ Ռևազյանը հլու-հնազանդ կատարել է իր դեմ դրած խնդիրը։ Հարցին, թե ո՞վ կարող է լինել ՔԱԿ նոր նախագահը, Հակոբ Ճաղարյանն արձագանքեց՝ ավիացիոն իշխանությունների ղեկավարի պաշտոնին միշտ պետք է նշանակվի այդ իշխանությունների գործառույթներին քաջածանոթ, իրագործման ձևերն իմացող, թիմ կազմավորելու ունակ և հայրենասեր մարդ:

«Որակներ, որոնցից ոչ մեկին տիկին Ռևազյանը չէր տիրապետում․ ոչ էլ նրան այդ պաշտոնին դնողներն ու փրփուրը բերանին պաշտպանողներն են տիրապետում»։

Լիաննա Թորոսյան