Քսան-երեսուն հոգանոց խմբերով շենքեր շրջափակեք․ Իշխան Սաղաթելյան

Մեր բողոքը լինելու է շարունակական։ Այդ մասին այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս պայքարը չի ավարտվելու, քանի դեռ չի հասել իր վերջնական նպատակին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվա դրոշի արարողությունն ունի խորհուրդ, և մեր հայտարարած սկզբունքներով պայքարը շարունակում ենք մինչև հաղթական ավարտ։ Մենք որոշել էինք փակել Ազնավուրի հրապարակն ու այստեղից մեկնարկել մեր քայլերն ու գործողությունները։ Մենք բաժանվում ենք մասերի ու սկսում գործողություններ։ Վաղը բոլոր քաղաքներում պետք է բարձրացվի Արցախի դրոշը։ Այդպես էլ կսկսվի մեր պայքարը»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց, որ մարզերում մարդիկ երեսուն հոգով հավաքվեն ու ճանապարհներ փակեն։ «Շրջափակեք շենքեր ու ցույց տվեք այս իշխանական խմբակին, որ նա չունի մանդատ՝ երկիրը ևս մեկ անգամ զիջումների տանելու»,- ասաց նա, ապա նշեց, որ այսքանով ավարտվում է այսօրվա ակցիան, իսկ պայքարը շարունակվելու է։