«Օբյեկտային» Հայաստանի տեսլականը

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Այսպես պետք է ընկալի պետությունը ինքն իրեն, և այսպես պետք է ընկալեն քաղաքացիները իրենց պետությունը։ Հակառակ դեպքում, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, նման կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Ավելորդ է ասել, որ երեկվա բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանը որևէ թիվ ու փաստարկ չի ներկայացրել, ու նրա բյուջետային ուղերձը շատ նման է եղել անհամ կենացի՝ համեմված կարգախոսներով:
Բայց ավելի վտանգավոր է այն հանգամանքը, թե ինչպիսի ընկալում ունի Փաշինյանը պետության մասին:
Իհարկե, պետության կարևորագույն ֆունկցիաներից մեկն իր քաղաքացիների բարեկեցության ապահովումն է․ այստեղ վիճելու ոչինչ չկա, բայց չի կարելի նման գռեհիկ ոճով սահմանափակել պետության բովանդակությունը, ֆունկցիոնալ նշանակությունը:
Տպավորություն է, որ երեկ Փաշինյանը ներկայացրել է, այսպես կոչված, «օբյեկտային» Հայաստանի տեսլականը, որը միանգամայն համահունչ է այն նվաստացուցիչ արտաքին քաղաքականությանը, որը նա վարում է:
«Օբյեկտային» Հայաստանն, ըստ էության, ադրբեջանական ենթապետություն է, որի կառավարիչների միակ հոգսը պետք է լինի հպատակների ստամոքսի հարցերը լուծելը:
Սուրեն Սուրենյանց