Կոֆեինի կանոնավոր օգտագործումը ազդում է ուղեղի կառուցվածքի վրա․ մանրամասներ

Կոֆեինի կանոնավոր օգտագործումը ազդում է ուղեղի կառուցվածքի վրա․ մանրամասներ

Գիտնականները տեսողական փորձարկում են անցկացրել սուրճի սիրահարների հետ և եկել այն եզրակացության, որ կոֆեինի ամենօրյա օգտագործումը փոխում է ուղեղի կառուցվածքը։

Կոֆեինը բացասաբար է անդրադառնում գորշ նյութի վրա՝ այն հատվածի, որը վերահսկում է հիշողությունը, խոսքը, զգացմունքները, մկանային ակտիվությունը և այլ գործառույթներ։

Հետազոտությանը մասնակցել են 20 առողջ երիտասարդներ, ովքեր պարբերաբար սուրճ են խմում: Գիտնականները նրանց բաժանել են երկու խմբի՝ առաջինին երկու տասնօրյա ժամկետով կոֆեինի հաբեր են տվել, իսկ երկրորդին՝ պլացեբո։ Փորձի միակ պահանջը կոֆեինի ցանկացած այլ աղբյուրից խուսափելն է եղել:

Փորձից առաջ, հետո և ընթացքում կամավորներն անցել են ուղեղի վիզուալիզացիա և էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (EEG)՝ քնի ժամանակ էլեկտրական ակտիվությունը գնահատելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բազելի համալսարանի կայքում։

Առաջին արդյունքն անսպասելի է եղել. կոֆեինը չի խանգարել մասնակիցների քունը։ Քնի խորությունը բոլորի համար նույնն է եղել: Երկրորդ եզրակացությունը նույնպես զարմացրել է գիտնականներին, բայց բացասական առումով։ Պարզվել է, որ կոֆեինի օգտագործումը զգալիորեն նվազեցրել է ուղեղում գորշ նյութի ծավալը։ Առավել ցայտուն փոփոխությունները եղել են հիշողության ֆունկցիայի համար պատասխանատու հատվածներում։

Հատկանշական է, որ պլացեբոյի խմբում փորձնական շրջանում նշվել է գորշ նյութի ծավալի որոշակի վերականգնում։ «Ուղեղի մորֆոլոգիայի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, անցողիկ են, բայց մեխանիզմը ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ», - նշել են հեղինակները: