Բաքվի վտանգավոր պարզաբանումը

Բաքվի վտանգավոր պարզաբանումը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները, և որ տարածքները որ երկրին են պատկանում:

Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի հավակնությունների համար:

Ի՞նչ է ասում Բաքուն:

Բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր:

Սրա մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, ու այս ճշմարտությունն ակնհայտ էր բոլորի համար:

Հայաստանի իշխանություններն այս փաստարկն անտեսում էին, ու ահա Բաքվում հնչեցնում են մի հայտարարություն, որը ի դերև է անում Փաշինյանի իշխանության բոլոր «հաղթական» փաստարկները:

Փաշինյանը ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը ներկայացնում էր որպես դիվանագիտական մի մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ու դրանով էր Փաշինյանն արդարացնում Արցախի զոհաբերությունը:
Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել:

Սուրեն Սուրենյանց