«Յանդեքս տաքսի»-ն պատուհաս է դարձել. առանց վարորդականի վարորդներ, «նագլիություն», քայքայված նյարդեր

Վերջին շրջանում MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Յանդեքս տաքսի» ծառայության վերաբերյալ։ Քաղաքացիները փորձել են կապ հաստատել ընկերության հետ, սակայն այն ոչ մի կոնտակտային հեռախոսահամար չունի, միայն կարելի է գրել իրենց հավելվածի միջոցով, այդ իսկ պատճառով ահազանգերը հասցրել են մեզ։
Բողոքներն ու դժգոհությունները հիմնականում կապված են պատվերների վճարման տարբերակների հետ՝ կանխիկ կամ անկանխիկ։
«Առավոտյան ժամը 10-ի կողմերն էր, մեքենա էի կանչել, որ գնամ աշխատանքի ու երբ նստեցի մեքենա, վարորդը հայտնեց, որ իջնեմ, քանի որ պատվերն անկանխիկ տարբերակով էր։ Ես փորձեցի բացատրել, որ իր աշխատանքը պետք է կատարի, սակայն սկսեց ինձ հետ ավելի ագրեսիվ խոսել։ Ինձ վրա բղավեց, որ իջնեմ և իջնելու պահից դեռ դուռը չփակած՝ արագ քշեց, մի վայրկյան այս կողմ, այն կողմ ու ինձ լուրջ վնաս կարող էր հասցնել։ Քանի որ նյարդայնացած էի և ուշանում էի, պարզապես փոքրիկ բողոք գրեցի ,և ասացին, որ հետևողական աշխատանք կտանեն, բայց ես խիստ կասկածում եմ»,- նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը։
Դժգոհությունների և բողոքների մի մասը կապված է մեքենաների աղտոտված լինելու և վարորդների ծխելու հետ: Մեզ փոխանցել են նաև դեպքեր, երբ վարորդները յուրահատուկ ուշադրության էին արժանացնում աղջիկներին և սկսում հետապնդել նրանց։ Նաև շատ են բողոքներն այն մասին, որ վարորդները պարզապես չեն մոտենում, նշում են, որ հասել են, սակայն քշում և գնում են՝ մանավանդ անկանխիկ պատվերների դեպքում, սեղմում են պատվերի սկիզբ առանց ուղևորի և ավարտում շատ-շատ հետո, որպեսզի ավելի գումար գանձի։
«Ինձ տուն իջեցնելուց մոտ քսան րոպե հետո ստանում են հաղորդագրություն այն մասին, որ իմ քարտից ավելի գումար է գանձվել, պարզում եմ, որ վարորդն ինձնից հետո նոր պատվեր է ընդունել, իմ պատվերի ավարտն էլ չի նշել, և արդյունքում իմ քարտից կլորիկ գումար քաշեցին»,- ասում է մյուս քաղաքացին:
Բողոքներից մեկը արժանի է մեծ հետաքրքրության, քանի որ վարորդը չուներ վարորդական իրավունք։ Քաղաքացին, ցավոք, չի ֆիքսել մեքենայի համարները։ Վարորդը հայտնել է, որ գրազ է եկել ընկերոջ հետ և քշելու է, ոնց ուզում է, ու որևէ մեկը չի կարող իրեն բան ասել։ «Ուզում եմ հասկանալ՝ աշխատանքի ընդունելուց այդ ամենատարրական բանը չե՞ն ստուգում: Ի վերջո, մարդկային կյանքերի հետ են խաղում»,- վրդովվում է քաղաքացին:
Ուշագրավ դեպքերից ևս մեկը. քաղաքացին նստել է մեքենա, որն արտաքնապես ոչ մի կասկած չի առաջացրել, սակայն նստելուց հետո հասկացել է, որ նստատեղերը թաց են, բնականաբար հագուստն ամբողջությամբ թրջվել է, օրը փչացել... ու կրկին բողոքին միայն արձագանքել են, որ ներողություն են խնդրում։
««Յանդեքսը» լրիվ ձեռք ա առնում, վարորդների նագլիությունը սահմաններ չի ճանաչում։ Նոյեմբերի 8-ի ժամը 22։10-ին, Աբովյան փողոցից տաքսի պատվիրեցի, որ գնամ տուն։ Վարորդի տվյալները ֆիքսել եմ՝ 37 DF 315: Նստում եմ, ու ինքն ասում է, որ իջնեմ, որովհետև քարտով չի քշում, ասում եմ և բացատրում, որ այդպես չի կարելի ու իմ չեղարկման դեպքում ինձնից գումար կքաշի, բացի այդ, հեռախոսիս մարտկոցը նստում էր ու չգիտեի՝ կկարողանամ նոր պատվեր կատարել, թե ոչ։ Վարորդը հայտնեց, որ իր չեղարկման դեպքում բլոկի մեջ է լինելու... գռեհիկ պահվածք, անպատասխանատու մոտեցում, վստահ եմ, որ ես առաջինը չէի, ում հետ նման կերպ է վարվում: Զարմանում եմ ու անընդունելի եմ համարում, որ նա դեռ աշխատում է, մի բան էլ գլուխ է գովում, որ 4 տարի սենց քշում է, ու հա խոստանում են, որ գործից կհանեն ու չեն հանում։ Բողոք թողեցի, չնստեցի, բնականաբար, դրա մեքենան, քանի որ չգիտեի, թե ինչ կբերեր գլխիս այդ անհավասարակշիռը։ Բողոքիս պատասխանեցին և ընդամենը նշեցին, որ հետևողական աշխատանք կիրականացնեն։ Եթե 4 տարի աշխատում է, էլ ի՞նչ սպասես։ Հիմա ամեն պատվեր կատարելուց առաջ խաչակնքվե՞մ, որ նմանները չգա՞ն: Լուծե՛ք այս հարցը, «Յանդե՛քս»»,- վրդովված պատմեց մեկ այլ քաղաքացի ։
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում պարբերաբար այս տաքսի ծառայությունից բողոքները, նմանօրինակ դեպքերը շատ են, բայց պատատխանատու, կարծես թե, չկա։
Մարիա Զարգարյան