Անչափահասները՝ թիրախ. հանցագործությունների թիվը շարունակում է աճել

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններն աճում են Հայաստանում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անցած տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններն աճել են 112 տոկոսով:
MediaHub-ը ուսումնասիրեց անցած տասնամյակի վիճակագրությունը, որից պարզ է դառնում՝ ինչպես և մնացած արատավոր երևույթների դեպքում, այս ոլորտում ևս ունենք բացասական վիճակագրության աճ:
Այդպես, 2023թ․-ին ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։ Որպես համեմատություն նշենք, որ, օրինակ, 2014 թվականին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը ընդամենը 55 էր՝ նախորդ տարվա 74-ի դիմաց:
«Պարզ տեսնում ենք, որ այս թիվն ունի նվազման միտում: Հանցագործությունների հիմնական մասն առողջությանը վնաս հասցնելու դեպքերն են, որոնք կատարվել են անչափահասների նկատմամբ»,-ասել էր ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալը 2014 թվականին։
Սակայն սկսած 2018 թվականից Հայաստանում անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում:
2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ:
2022 թվականին անչափահասների նկատմամբ կատարվել է 545 հանցագործություն, իսկ անցյալ տարի, ինչպես արդեն նշեցինք, աճը 112% է կազմել՝ 1,159 քրեական վարույթ:
Հասկանալի է, որ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ոչ ամբողջական ծավալն են արտացոլում այս թվերը, քանի որ շատ դեպքեր ուղղակի մնում են իրավապահների իրավասությունների շրջանակից դուրս:
Վիկա Աբգարյան