Հայերը չե՛ն կարող ոչնչանալ. մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից. Արմեն Սարգսյան

Հայերը չե՛ն կարող ոչնչանալ. մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից...

Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային​ կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում:

Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում...

Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել:
Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում:

​Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար...», - ասված է ուղերձում: