Այլևս բոլոր խաղադրույքներն արված են. հայացք Մոսկվայից

Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին չի մասնակցի Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր ուեցած տեղեկությունների, նոյեմբերի վերջին չի մեկնի Մինսկ և չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Այլ կերպ ասած, հայ պաշտոնյաները շարունակում են խուսափել ռուս գործընկերների հետ առերեսվելուց, չնայած ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են: Բայց հարց է՝ դեռ ինչքա՞ն:
MediaHub-ի հետ զրույցում RT-ին պատկանող Ukraina.ru ինտերնետային պորտալի ղեկավար Կոնստանտին Գևորգյանը շեշտեց՝ ՀՀ իշխանությունների վարքագիծը բավականին պարզ է և ավելորդ բացատրությունների կարիք անգամ չկա։
«Հայաստանն ընտրել է բազմավեկտոր քաղաքականություն, իսկ բազմավեկտոր բառի մեջ թաքնված է գլխավոր նկատառումը՝ հենց արևմտյան վեկտորը հիմնական դարձնելը: Ավելի կոնկրետ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ուժեղացնել կապերը։ Եվ Հայաստանի ցուցադրական չմասնակցելը տարբեր քաղաքական միջոցառումների՝ ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական պայմանագրերի շրջանակներում, ցույց է տալիս, որ այլևս բոլոր խաղադրույքներն արված են»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` Փաշինյանից նման վարքագիծ սպասում էին բոլորը, հատկապես, որ իշխանական քարոզչամեքենան շատ լավ է աշխատել և տարածել դիսկուրս, որ ոչ թե Փաշինյանն է մեղավոր Արցախի կորստի համար, այլ՝ Ռուսաստանը:
«ՀՀ իշխանությունների քայլերը պետք է համարժեք լինեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Գևորգյանի խոսքով՝ իշխանությունը, հենվելով Ֆրանսիայում և ԱՄՆ-ում Սփյուռքի վրա, փորձում է փոխել Հայաստանի ռազմավարական հետագիծը։ Ինչպես փորձը ցույց է տալիս՝ Մոլդովայի և Ուկրաինայի օրինակով, նման որոշումները ոչ մի լավ բանի չեն հասցնում քաղաքացիներին, հասարակ ժողովրդին։ Արդյունքում՝ տնտեսությունն անկում է ապրում, աշխատատեղերը կրճատվում են, իսկ էլիտան, ազգային շահերի դավաճանության հիման վրա, ստանում է հնարավորություն ապահովել իրենց և իրենց երեխաների ապրուստն Արևմուտքում։ Այս ամենը, շեշտեց Կոնստանտին Գևորգյանը, կարելի է պարզապես անվանել քաղաքական կոռուպցիա:
«Կարծում եմ, որ ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, հասկանում է. իշխանությունը, հրաժարվելով ժողովրդին ընտրության հնարավորություն տալուց, պարզապես ընտրել է ճանապարհ սեփական, անձնական շահերի ապահովման և սպասարկման համար: Օրինակները շատ են, սա էլ կլինի ևս մեկը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան