Բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ վթարի պատճառը այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակի ստեղծումն է

Ապրիլի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ու մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։
Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։ Վթարի մասին Պարկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։