Ովքե՞ր են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեր նախարարները 

Ովքե՞ր են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեր նախարարները 

Անցյալ տարվա դեկտեմբերին MediaHub-ը գրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ քվոտայով երկու նախարարները՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի  և ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար Վարոս Սիմոնյանի պաշտոմավարման ժամկետը լրանում է, և կառավարությունում նրանց փոխարինող թեկնածուներ են փնտրում, որ հունվարից տեղափոխվեին արդեն Մոսկվա՝ աշխատանքի։

Մեր աղբյուրներն ասում էին՝ կառավարությունը երկու թափուր հաստիքներից մեկի համար դիտարկում է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի թեկնածությունը։ Վերջինս, սակայն, կմնա իր պաշտոնին:

Խոջոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է երկու թեկնածուի անուն, և այդ երկու թեկնածուներից ոչ մեկը ինքը չէ։

«Ընտրությունն արդեն կատարված է, նշանակումներն արված են, մնում է ուղղակի փաստաթղթավորման գործընթացը»,- ասաց Արման Խոջոյանը։

Նա նաև նշեց ընտրված թեկնածուների անունները․ նրանցից մեկը Գոհար Բարսեղյանն է, որը 2015-17 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ 2017-ից տեղափոխվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Մյուսը Վարոս Սիմոնյանն է, որը մինչ այդ էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր, հետո տեղափոխվեց ԵՏՀ ու հիմա վերանշանակվել է այդ պաշտոնում։
Նշենք, որ ԵՏՀ կայքում նշանակման և վերանշանակման մասին տեղեկատվությունը դեռ թարմացված չէ:

Վահե Մակարյան