«Նենց բաներ են գրում, մազերս բիզ-բիզ են կանգնում»․ ինչո՞ւ է արձակուրդ գնացել Արագածոտնի մարզպետը

«Նենց բաներ են գրում, մազերս բիզ-բիզ են կանգնում»․ ինչո՞ւ է արձակուրդ գնացել Արագածոտնի մարզպետը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր՝ մեկ շաբաթով արձակուրդ մեկնելը որևէ կերպ չի կապում իր օգնականին առաջադրված մեղադրանքի և ընդհանրապես, իր անվան շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումների հետ։

«Ախր ինչո՞ւ չեք հասկանում, որ այս համակարգն այլ կերպ է աշխատում։ Ես շատ շուտ էի դիմում գրել, որ այս օրերին արձակուրդում լինեմ։ Մալյբրի համակարգում ամսաթիվը, եթե չեմ սխալվում, երևում է, բայց ես չեմ ուզում նման բաներ հրապարակել, ով ինչ ուզում է, թող մտածի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանը։

Նա նկատեց՝ այս օրերին այնպիսի քննարկումներ ու վերլուծություններ է կարդում, որ «մազերը բիզ-բիզ են կանգնում»։

«Այնքան վատ բաներ են գրում, այնքան անհասկանալի վերլուծություններ են անում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ շատ են կարծիքները, թե ինքն այլևս չի վերադառնա աշխատանքի՝ որպես Արագածոտնի մարզպետ, Մովսիսյանն ասաց՝ թող այդպես կարծեն։

Հարցին, թե ինքն իրեն մեկ շաբաթ անց տեսնո՞ւմ է մարզպետի պաշտոնում, Մովսիսյանը հստակ արձագանքեց․ «Ես չէ, որ պիտի տեսնեմ, վարչապետը պիտի տեսնի։ Նա որտեղ ինձ տեսնի, այնտեղ էլ կաշխատեմ»։

Նշենք, որ մամուլն այսօր գրել էր՝  Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:

Նարե Գնունի