Տարածաշրջանի ամենալուրջ բանակը վերածեցին կլուբնիկ, տռուսիկ ճարելու գործընթացի․ գեներալ

Վաղը Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։
Ինչպիսի՞ բանակ ունենք այսօր եւ ի՞նչ հեռանկարներ ունի երկրի պատասխանատու թիվ մեկ ուժային կառույցը՝ այս իշխանության օրոք։
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ ՀՀ զինված ուժերը այս իշխանությունը սկսեց կազմաքանդել դեռեւս 2018 թվականից սկսած։
«Բարոյալքեցին ամբողջ բանակի մարտունակությունը, տարածաշրջանի ամենալուրջ բանակը վերածեցին կլուբնիկ, տռուսիկ ճարելու գործընթացի։ Գլխատեցին բանակի գեներալներին, ոչնչացրին հերոսի արժեքը։ Հիշո՞ւմ եք, երբ ասում էին՝ Նիկոլը 2 տարի ժամանակ է խնդրել Ալիեւից, որպեսզի Հայաստանի անվտանգության համակարգը կազմաքանդի։ Արեց, եւ 2020թ․-ին սկսվեց պատերազմը, որը պլանավորված գործողությունների արդյունք էր»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ եթե նախկինում հերոսի կերպարն ասոցացվում էր Հայաստանի սահմաններն անառիկ պահող հայ զինվորի հետ, այս իշխանության օրոք հերոսը դարձավ հասարակ առեւտրականը։
«Մեր երիտասարդության համար հերոսը համարվել է բանակի զինվորը, հրամանատարը, գեներալը, մինչդեռ այս իշխանությունը դեկտեմբերի 28-ին «Մեր ժամանակի հերոս» մրցանակաբաշխության ժամանակ «հերոս» կարգեց ինչ-որ դիզայների, կոշիկ արտադրողի, խոհարարի։ Արժեհամակարգ ոչնչացրին։ Սրանց պայմաններում բանակի վերականգնում, ուժեղացում հաստատապես չի կարող լինել»,-շեշտեց նա։
Ողբերգական հրդեի պատճառով 15 ժամկետային զինծառայող զոհվեց, իսկ իշխանությունը, գեներալի խոսքով, քավության նոխազ է դարձնում բանակի սպայական կազմին։ Այսօր կալանավորվել է թիկունքի պետը։
«Երկրորդ բանակային կորպուսն ամբողջությամբ գլխատեցին, տեսեք, թե ինչ տեղի ունեցավ․ գիշերը ժամը 1-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, հրդեհ տեղի ունեցավ։ Ըստ իրենց՝ այն մինչեւ 2։30 մեկուսացվեց՝ մոտ մեկ ժամ անց։ Նույն պաշտոնական տեղեկատվությանբ՝ հրդեհը կարողացել են մարել 5։30-ին։ ԱԻՆ-ի գնդապետը հայտարարեց, որ զինվորները քնած են եղել, մինչդեռ հիվանդանոցի զինվորն ասում է՝ պառկած մարդ չի տեսել։ Դիտավորյալ հակասական հայտարարություններ են անում, թիրախից հեռացնելով գլխավոր մեղավորին»,-մեկնաբանում է գեներալը։
Որպես իր խոսքի հիմնավորում՝ Պետրոսյանը հիշեցնում է, թե ինչպես Փաշինյանը ողբերգության օրը կառավարության նիստում հրապարակեց ԳՇ պետի ինչ-որ հրաման՝ հակահրդեհային կանոնները պահպանելու վերաբերյալ։ Կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով զորամասում հրդեհի բռնկման վարկածներին, Փաշինյանն ասաց․
«2020 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»: Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան՝ ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»։
Ըստ Պետրոսյանի՝ այս հայտարարությամբ Փաշինյանը պատասխանատվությունից ազատեց եւ՛ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, եւ՛ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին։
«Պաշտպանության նախարարին, այդ ստահակ ուսուցչին ազատեց պատասխանատվությունից։ Եթե նույնիսկ այդպես էր, մի քանի ժամվա ընթացքում, առանց քննության ամբողջական ավարտի, բանակային երկրորդ կորպուսի ամբողջ հրամանատարական կազմին մեղավոր է կարգում եւ ծառայությունից ազատում։ Քննչական գործողությունները դեռ չավարտված, ավելին՝ դեռ չսկսված, լուսաբացին, դեպքի վայրի զննություն է տեղի ունենում, իսկ վարչապետ կոչեցյալն արդեն դեպքի վերաբերյալ ելույթ ա ունենում։ Արդեն մեղավոր նշանակեց այն սպային, որն, իբրեւ թե, 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը։ Ձմռանը վառարանը երբեք չի հանգում։ Ո՞վ է տեսել գիշերը զինվորները գնան ջուր բերելու, երբ ջուրը կուտակում են լույսով՝ ցերեկը, կամ՝ օրվա կեսին»,-մեկնաբանեց նա։
Իրար հակասող փաստերը, ըստ նրա, պետք է մանրակրկիտ քննության առարկա դառնան։ «Այս հանգամանքները խայտառակություն են։ Զորանոցի պատուհանները չեն կարող վանդակաճաղերով փակված լինել։ Թեկուզ տուն է եղել, բայց այն պետք է զորանոցային տեսքի բերվեր։ Դիտավորյալ տեղեկատվությամբ խճճում են, որ ազատեն իրենց պատասխանատվությունից»,-եզրափակեց գեներալը։
Լիա Սարգսյան