Զոռբայության մաստեր-կլաս

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում հրահանգել է իր թիկնապահներին, որ բռնեն իրեն դավաճան անվանած քաղաքացուն, որպեսզի կարողանա թքել քաղաքացու աչքին։
Նման արարքը տգեղ ու դատապարտելի է, եթե նույնիսկ տեղի է ունենում, այսպես կոչված, կենցաղային միջավայրում՝ երկու վիճաբանող քաղաքացիների կոնֆլիկտի ժամանակ:
Բայց այս դեպքում գործ ունենք բացառիկ ցինիզմի, զոռբայության հետ:
Մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինչպես են արևմտյան առաջնորդները հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ, ովքեր փողոցում նրանց անվանարկել են. կոմֆորտ չէ, իհարկե, բայց դեմոկրատիան նման հատկություն ունի՝ պետական, քաղաքական դիրքի հասած այրերը պետք է սովորեն լսել քաղաքացիների նույնիսկ անեծքները ու հաճախ հանդուրժողական կեցվածք ունենան: Եվ դրա ականատեսը, կրկնվենք, բազմիցս ենք եղել:
Բայց Ալեն Սիմոնյանը ճիշտ հակառակն է արել:
Նա հերթական անգամ «ապացուցել» է, որ Հայաստանում ուժեղ է նա, ով շրջապատված է մեծաթիվ թիկնապահներով, ով կարող է ոստիկանությանը քաղաքացու նկատմամբ ուժ գործադրելու հրահանգ տալ:
Սա վարքագիծ է, որ բարոյական չէ առհասարակ, բայց նաև հակադեմոկրատական է՝ խարսխված ուժի ֆետիշացման, զոռբայության, բռնության վրա:
Հայաստանում հինգ տարի առաջ իբրև թե հեղափոխություն է եղել, որը պիտի դեմոկրատիա վերահաստատեր:
Հեղափոխության զավակները «խժռեցին» հեղափոխությունը՝ փոքրացնելով այն տարածքը, որում քաղաքացին նրանց կարող է ներել՝ հնարավոր ու անխուսափելի իշխանափոխությունից հետո:
Վահրամ Բագրատյան