Դուք կհասնեք, ուղեբեռը՝ ոչ. Wizzair-ի տհաճ անակնկալը

Wizz Air-ը հունգարական լոուքոստերը տհաճ անակնկալ է մատուցել Երևանից մեկնած քաղաքացիներին:
MediaHub-ին ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ երեկ Wizzair-ով մեկնել են Դորմունդ և տեղում հայտնաբերել, որ ուղևորների կեսից ավելիի ճամպրուկները ավիաընկերությունը թողել է Հայաստանում:
«Այստեղ ընկերության աշխատակիցները մեզ ասացին, որ սա սովորական պրակտիկա է, երբ տենում են մարդիկ շատ են, ու ինքնաթիռը ծանր է: Մոտ 1000կգ ճամպրուկ ուղղակի չեն ուղարկում: Ու հիմա մարդիկ մնացել են առանց հագուստ ու առաջին անհրաժեշտության ապրանքների: Ասում ենք՝ «բա ի՞նչ անենք», ասում են՝ «մյուս թռիչքով»։ Այսինքն՝ ամսի 17-ին կուղարկեն, բայց դա էլ հաստատ չի: Իսկ դրանից հետո էլ, մի երկու օրից, իրենք մեր ուղեբեռը կուղարկեն ձեր դիմումի մեջ նշված հասցեով»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց երիտասարդ կինը:
Հարցին, թե քանի՞ ուղևոր է մնացել առանց ճամպրուկի, մեր զրուցակիցը նշեց, որ կոնկրետ թիվ չի կարող նշել, բայց օդանավակայանի lost & found բաժնի դիմաց մոտ 50 հոգի հավաքված էին:
«Մենք 4 հոգով ենք, 6 ճամպրուկից 4-ը չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ավիաընկերությունը պատրաստվում է փոխհատուցում տալ ուղևորներին իրենց քայքայված նյարդերի և հավելյալ ծախսերի դիմաց, մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին այդ հարցով չեն զբաղվել, առաջիկա օրերին պետք է դիմեն Wizzair-ին ու նոր պարզ կլինի:
Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: