Եղբորս կինը գիշերը «ֆանարիկը» պահել է, եղբայրս ընկերոջ հետ հողին են հանձնել Զորիի մարմինը

Արցախի կորստին զուգահեռ Նուբար Ավետիսյանը կորցրեց ամենաթանկը՝ սիրելի ամուսնուն և նրա դեռևս չխնկարկված գերեզմանը, որտեղ այդպես էլ այցելել չկարողացավ. «Գոնե կարողանայի վերջին հրաժեշտը տալ»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Նուբարը, ապա պատմեց ընտանիքի պատմությունը։
«Քանի որ սեպտեմբերի 20-ից միջհամայնքային ու շրջանային բոլոր ճանապարհները կտրված էին միմյանցից, հնարավորություն չեղավ ամուսնուս հողին հանձնել Ստեփանակերտում՝ իր ծնողների կողքին, կամ գոնե իմ հարազատ Մաճկալաշենում՝ եղբայրներիս ու մորս մոտ, փոխարենը հուղարկավորվեց Ճարտարում»,- ասաց նա։
Սեպտեմբերին՝ պատերազմը վերսկսելու օրը, Նուբարի երեխաները դպրոցում էին, քաղաքի իրենց տանն էին ապրում նաև եղբոր 2 երեխաները։ Նրա հայրը կողոսկրերի կոտրվածքով ու թոքերի խնդիրներով՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ «Այդ պահին ես չգիտեի ո՞ւմ մասին մտածեմ՝ երեխաների, հո՞րս, թե՞ դիրքերում գտնվող ամուսնուս մասին։ Հրթիռակոծվող քաղաքում բոլորը վազում էին։ Մի կերպ տարբեր դպրոցներից հավաքելով երեխաներին, տարա հիվանդանոցի նկուղ, որ պապային էլ մոտ լինեմ. դա իսկական մղձավանջ էր»,-ասաց մեր զրուցակիցը։
Նուբարի ամուսինը՝ Զորի Դանիելյանը ՊԲ-ում ծառայության 17 տարվա փորձ ուներ։ Դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Նույն օրն անմահացավ հերոսաբար, չկատարելով իջեցված հետնահանջ հրամանաը։ 3 օր անց եղբայրը մի կերպ կապ է հաստատել Նուբարի հետ, ասել, որ Զորին զոհվել է։ Նրա դիակը Ստեփանակերտ տեղափոխելու հնարավորություն չի եղել, քանի որ օրերով ճանապարհները փակ էր։ «Տղերքի մարմիններն իջեցրել են դիրքերից ու տեղավորել դպրոցի նկուղներում։ Հոսանք ու սառցարան էլ չկար։
Ամսի 21-ին եղբայրս գնաց, ճանաչեց Զորիին, տեղում ունեցած հնարավորություններով, կլուբի դռներով ու տախտակներով դագաղներ սարքեցին, տարան Ճարտար, հուղարկավորեցին մեր ընկեր Վրեժ Շիրինյանի ընտանեկան գերեզմանատանը, որովհետև իմ հայրական Մաճկալաշենն արդեն գրավված էր։ Եղբորս կինը գիշերը ժամը 12-ին «ֆանարիկը» պահել է, ախպերս էլ հողին է հանձնել Զորիի մարմինը։ Նուբարին որպես թանկ հուշ՝ մի բուռ հող են բերել ամուսնու գերեզմանից... Չգիտեմ այդ հողը որտե՞ղ դնեմ, որտե՞ղ լացեմ։ Հաճախ եմ այցի գնում Եռաբլուր, ծաղիկներ դնում գերեզմաններին ու փոքր ինչ փարատված վերադառնում»,-պատմեց մեր զրուցակիցը։
Զորին ու Նուբարը համատեղ ապրել են 17 տարի, ունեն 3 անչափահաս երեխա։ Հիմա, երբ ամեն ինչ կորցրել է, իսկ իր սիրելի մարդկանց գերեզմանները մնացել են Արցախում, Նուբարին ապրեցնում են երեխաները՝ 16-ամյա Ալբերտը, 13-ամյա Անգելինան և 7-ամյա Դավիթը։ Ջրվեժում վարձակալած տանը նա խնամում է նաև հիվանդ հորը։ Երիտասարդ կնոջ կյանքի պատմությունը՝ դաժան, միաժամանակ ողբերգական է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրը նա կորցրեց իր 2 եղբայրներին, նրանք անմահացան հայրենիքի պաշտպանության սահմանին։ Նուբարի մայրը 2 տարի շարունակ ամեն օր այցելում էր որիդիներին, զրուցում նրանց հետ, կարոտն առնում։ Նուբարն ասում է՝ օրերով հաց չէր ուտում, ասում էր «բալեքս սոված, ծարավ արնաքամ եղան, զոհվեցին, ես ո՞նց ուտեմ».
«Մի օր էլ գնաց գերեզման ու հետ չեկավ։ Մորս սիրտը չդիմացավ կրկնակի հարվածին, ինֆարկտը խփեց գերեզմանոցում»...
Արցախից բռնի տեղահանված այս ընտանիքն այսօր օգնության, ցանկացած աջակցության կարիք ունի, քանի որ Նուբարն առայժմ հիմնական աշխատանք չունի։
Հունան Թադևոսյան