Հայաստանի մեկուսացման հեռանկարը 

Հայաստանի մեկուսացման հեռանկարը 

Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կարևորել է «մոտ ապագայում տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի պարտավորություն:

Պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարում է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն ոչ թե հայերը, այլ Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները։ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, թե այդ մասին նշված է նոյեմբերի 9-ի և դրանից հետո ստորագրված եռակողմ փաստաթղթերում։

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից՝ դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։

«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ Իրանը հայտարարել է Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը։ Այն, ըստ Ալիևի, «մեծ հեռանկարներ ունեցող նախագիծ է»։

Այսպիսով, տարածաշրջանի երեք երկրներ, ընդ որում՝ դրանցից երկուսը ստորագրել են Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, պնդում են Հայաստանի ինչ-որ պարտավորությունների մասին:

Ստեղծվել է Հայաստանի համար խիստ ոչ բարենպաստ վիճակ, որը կարող երկու հանգուցալոււմ ունենալ՝ նոր պատերազմ կամ Հայաստանի մեկուսացում:

Պաշտոնական Երևանը երեկ հարկադրված էր պատասխանել Մոսկվայից, Անկարայից ու Բաքվից հնչած հայտարարություններին:

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Մոսկվային։ Անի Բադալյանը նշել է, որ դա ակնհայտ է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության վերջերս հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներից։ «Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող», - շեշտել է նա:

Փաշինյանը զգում է, որ իր իշխանության բերած փաստարկները լուրջ չեն, մանավանդ հենց ինքն է ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի 9-րդ կետի ձևսկերպումն էլ՝ մեջբերված Զախարովայի կողմից, Մոսկվայում, Բաքվում և Անկարայում համարում են պարտավորություն:

Այս չարաբաստիկ պարտավորությունը շրջանցելու համար՝ Փաշինյանը զոհաբերեց Արցախը, բայց դրանից հետո, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները ամենևին էլ օրակարգից դուրս չեկան:

Նիկոլ Փաշինյանը, Մակրոնի հետ երեկվա հանդիպումից հետո, Ֆրանսիայի հետ հարաբերությունները գնահատել է «բացառիկ բարեկամական»: Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից մեկը Հայաստանի «բացառիկ բարեկամը» լիներ, չեմ կարծում, թե լռելյայն միջազգային կոնսենսուսը հնարավոր կդարձներ Արցախի հայաթափությունը, Հայաստանի շուրջ 200 կմ քառակուսու օկուպացիան:

Մենք առհասարակ բոլոր երկրների մեջ տեսնում ենք գործընկերների, բայց հորդորում ենք չկրկնել անցյալ տարիների նարատիվային, մտածողության սխալները:

Ռուսաստանի հետ հարաբերությունները շատերը համարում էին «եղբայրական», հիմա այդ շատերը հայհոյում են Ռուսաստանին։ Չենք ուզենա, որ վաղը «բացառիկ» հայհոյանքներից բաժին հասնի Ֆրանսիային, մանավանդ, առաջիկա ամիսներին դրա առիթը լինելու է, երբ հերթական անգամ համոզվենք, որ «անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող»:

Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ակտիվ աշխատի, փորձի իրապես դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը, բայց մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է:

Եթե ուզում ենք Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, պարտավոր ենք վերացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, ձգտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Սրան այլընտրանք չկա, եվրոպաներում «փրկիչներ» չկան:

Վահրամ Բագրատյան