Ալիևի մեջ վախ կա․ ռևանշից է վախենում․ Շահե Աճեմյան

Ալիևի մեջ վախ կա․ ռևանշից է վախենում․ Շահե Աճեմյան

Մեր ժողովուրդը գնաց մի ախմախի հետևից, որը իբրև հեղափոխություն արեց։ Նիկոլ Փաշինյան անունով մեկը եկավ իր նմանների հետ, որոնք ոչինչ չէին ներկայացնում իրենցից, դրա համար էլ էս օրին ենք հասել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ խոսելով նոյեմբերի 9-ի, Արցախը հանձնելու և այն վերադարձնելու հավանականության մասին։ 

«Մենք 30 տարի պայքարեցինք, արյուն ու քրտինք տվեցինք, մեր ընկերներին թաղեցինք, բայց ինչ-որ սրիկա եկավ ու ամբողջը ծախեց, ասում են՝ «ինչի այսպես եղավ», ո՞նց, չգիտե՞ք։ Արցախը հետ բերելու մասին մոռանալ պետք չէ»,- ասաց նա։

Ազատամարտիկը հիշեցրեց, որ 1990-ական թվականներին Հայաստանի և Արցախի տղամարդիկ կարողացան ազատագրել Արցախը, բայց այսօր էլ, ըստ նրա, մեր ազգի մեջ կան տղամարդիկ, որ պատրաստ են նույնը անել։ 

«Իսկ, ե՞րբ ենք բերելու, քանի Նիկոլը կա, վերադարձնել հնարավոր չէ։ Նիկոլի իշխանության օրոք Զանգեզուրն էլ ենք տալու, Սյունիքն էլ, Տավուշն էլ։ Ազգ չի մնացել, մինչև չգիտակցենք՝ հայրենիքն ինչ է, անկախության, Արցախի գինը չհասկանանք, ոչինչ էլ չի լինելու։ Արցախն այսքան տարի Հայաստանի վահանն էր, Հայաստանի ձեռքին սուր էլ չկա, մի խնձորով է պայքարում Թուրքիայի դեմ»,- նշեց Աճեմյանը։

Շահե Աճեմյանը դիտել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի երեկվա հայտարարությունը, որը Ստեփանակերտում է արել։

Ազատամարտիկը փոխանցեց, որ ադրբեջաներեն լավ իմանալով՝ հստակ ֆիքսել է, որ Ադրբեջանը  վախեր ունի։

«Ալիևը ռևանշից վախ ունի, ասում էր՝ «հայերը չփորձեն ռևանշ անել, իրենց թիկունքում գտնվող երկրներն էլ չփորձեն»։ Մեջը վախ կա, մենք հետ կբերենք Արցախը, հայ ժողովուրդը մի օր Արևմտյան Հայաստանն էլ հետ կբերի, թեկուզ 500 տարի անցնի։ Մենք հիմա գոյատևում ենք, բայց մեր անցյալը չենք մոռանա։ Հայստանի քարտեզը հազարամյակների ընթացքում փոփոխվել է, փոքրացել է, մեր ազգի պատմությունը պատերազմ է, Արցախը մեր ու մեր սերունդների մտքերից դուրս չի գալու»,- նշեց նա։

Աճեմյանի խոսքով՝ ժողովուրդը դեռ շոկի մեջ է, դրա համար էլ հետագա քայլերը չի գիտակում․ «Կոպիտ ասած, դեռ Արցախի քառասունքը չի եղել, բայց Արցախը հարություն է առնելու։ Այս իշխանությունը թուրքի, ադրբեջանցու, ամերկացու գործակալ է, պիտի բոլորը հասկանան, որ ինքը դրածո է, վերջ»։

Լիաննա Թորոսյան