Ի՞նչ է հայտարարագրել Գագիկ Խաչատրյանի համեմատ էականորեն «աղքատ» ՊԵԿ նախագահը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը օրեր առաջ կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր տարեկան հայտարարագրում ինքը ոչինչ չի թաքցրել, ամեն ինչ թափանցիկ լրացրել է և միշտ լրացնում է այն ձևաչափով, ինչը պարտադրված է օրենքով։ Նշենք, որ Բադասյանի գործընկեր որոշ պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս նկատել էինք, որ նրանք թաքցնում են, օրինակ, իրենց հայտարարագրած մեքենայի մակնիշը կամ ձեռք բերած բնակարանի կա հողատարածքի մակերեսը, արժեքը և մի շարք այլ տվյալներ։ Օրինակ՝ Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը և ոչ միայն։
MediaHub-ը ուսումնասիրեց նաև Ռուստամ Բադասյանի հայտարարագիրը, որը ևս առանձնապես չի տարբերվում վերը նշված պաշտոնյաների հայտարարագրերից։ Օրինակ՝ ՊԵԿ նախագահը հայտարարագրել է 2020 թվականին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բազմաբնակարան շենքում մեկ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, որի հստակ հասցեն և մակերեսը, սակայն, նշված չեն, ինչպես Պապիկյանի և Ալեն Սիմոնյանի բնակարանների դեպքում է։
Այլ անշարժ գույք նա չի հայտարարգրել, նաև որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել ՊԵԿ նախագահը՝ բավարարվում է պետության տրամադրած ծառայողական ավտոմեքենայով։
Արժեթղթեր և այլ ներդրումներ, բանկում ներդրած ավանդ կամ բանկից վերցրած վարկ էլ չունի պարոն Բադասյանը՝ կամ չի հայտարարագրել, կամ իսկապես «կուսական» կենսագրություն ունի բանկային ու ֆինանսական համակարգում։
Նրա բանկային հաշիվների մնացորդներն էլ առանձնապես տպավորիչ չեն․ 2023 թվականի սկզբին Ռուստամ Բադասյանն իր հաշիվներին ունեցել է ընդամենը 0 դոլար, 2 մլն 747 հազար 267 դրամ, որոնք տարվա վերջին դարձել են 259 դոլար, 1 մլն 437 հազար 917 դրամ և 35 եվրո։
Իսկ կանխիկ դրամ Բադասյանն առհասարակ չի հայտարարագրել՝ կամ քեշով փող չի պահում, կամ բարձի տակ «թաքցրածը» որոշել է հանրությունից էլ թաքցնել։ Համենայնեպս, նախկինների թվերի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տպավորիչ հարստության ֆոնին ՊԵԿ ներկայիս նախագահ Ռուստամ Բադասյանը շատ տպավորիչ աղքատ պաշտոնյա է։
Իրավիճակը մի փոքր աշխուժանում է Բադասյանի տարեկան եկամուտների բաժինն ուսումնասիրելիս։ Այստեղ ներկայացված է ոչ միայն ՊԵԿ նախագահի ստացած աշխատավարձը Պետեկամուտների կոմիտեից, որը ամբողջ տարվա կտրվածքով կազմել է 23 մլն 377 հազար 108 դրամ, այլև այդ տարի իր հարսանիքին եկած հյուրերից ստացած նվերները։ Օրինակ՝ հյուրերի մի խումբ (աղյուսակում նշված է հյուրեր, ոչ թե մեկ հյուր) նորապսակ ՊԵԿ նախագահին նվիրել են 4 մլն 340 հազար դրամ, մեկ այլ խումբ հյուրեր նվիրել են 5300 դոլար և 950 եվրո։
Բադասյանի ֆինանսական շարժերի թերևս ամենատպավորիչ ու ճոխ հատվածը նրա կատարած ծախսերն են հանգստի վրա՝ 5 մլն 314 հազար 381 դրամ։
Նա նաև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է 35 մլն 226 հազար 254 դրամի վարկ, որը, ենթադրաբար, վերևում նշված իր բնակարանի ձեռք բերման գումարն է։ Բադասյանը, սակայն, հայտարարագրում չի նշել, թե որ բանկից է վերցրել վարկը և որ կազմակերպությանն է հետո այդ գումարը փոխանցել։
Վահե Մակարյան