Ի՞նչ է սպասվում Երևանին

Ի՞նչ է սպասվում Երևանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն իշխանամերձ տարբեր շրջանակներ ոչ միայն չեն հերքում այն, այլ ակտիվ քննարկումների մեջ են, թե որ վարկածով են ընթանալու գործընթացները:

Արդյո՞ք իշխանությունը կոնսոլիդացված քաղաքական որոշում ունի արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ, թե՞ սա ներիշխանական հակասությունների հետևանք է ու դեռ նոր պետք է քաղաքական որոշում կայացվի:

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հերքել էր վարկածը, թե Երևանում քննարկվում է արտահերթ ընտրությունների վարկածը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանում իրադարձությունները զարգացել են ներիշխանական հակասությունների տրամաբանությամբ: Հակասություններ, որոնք սրվեցին հատկապես «քովիդային» սկանդալային բացահայտումներից հետո, որոնք, ի դեպ, կարող են լրջորեն խարխլել նաև քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հեղինակությունը, ընդհուպ՝ կասկածի տակ դնել նրա հավակնությունները:

Ըստ այդմ, խիստ արժանահավատ է թվում, որ հենց Ավինյանն է նախաձեռնել ֆորս-մաժորային իրավիճակը՝ «հասունացնելով» Հրաչյա Սարգսյանի հրաժարականը ու ձգտելով հասնել արտահերթ ընտրությունների: Ավինյանը շտապում է, քանի դեռ թիմում չի փոխվել ստատուս-քվո ու չի վերանայվել նրա քաղաքապետության հեռանկարը:

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դեմ չի լինի միջանկյալ լուծումներին ու հերթական ընտրությունների սցենարին, ինչն ավելի է մեծացնելու մանևրելու նրա հնարավորությունը:

Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Վահրամ Բագրատյան