Ինչպե՞ս են բանկերը խաբում արցախցիներին

Ինչպե՞ս են բանկերը խաբում արցախցիներին

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից այն մասին, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպում Հայաստանում ինտեգրվելու ճանապարհին:

Շատերը ահազանգում են, որ հայկական բանկերը իրենց խաբում են։ Ոսկիները, որոնք եղել են գրավադրված բանկերում, չեն վերադարձնում կամ վերադարձնելու դեպքում էլ ոչ համարժեք, չնչին գումար տալիս։

MediaHub-ի հետ զրույցում արցախցի Սվետլանան նշեց, որ իր ընտանիքը  բանկում ոսկի ուներ գրավադրված, ադամանդապատ և արժեքով բավականին թանկ էր։ Բռնի տեղահանումից հետո, սակայն, բանկը իրենց ուղղակի չնչին գումար տվեց դրա դիմաց.

«Ես ոսկի էի բանկ գրավ դրել և վերցրել ընդամենը 1 մլն 200 հազար դրամ։ Բայց ոսկին արժեր ավելի մեծ գումար, պարզապես այդ պահին  գումարն էր հարկավոր։ Եկանք Հայաստան, առավոտից մինչև երեկո հերթ էինք կանգնել, որ ոսկին հետ վերցնենք։ Հերթը հասավ մեզ և բանկից պատասխան ստացանք՝ «ոսկիները բերել ենք, բայց ամբողջը խառնվել է», և մեզ երկու ամսից կտան ոսկիները։ Շուրջ երկու ամիս անցավ, բանկից զանգեցին, ասացին՝ «եկեք, ոսկին վերցրեք»։ Գնում-տեսնում ենք՝ ոսկին չկա»,- ասաց Սվետլանան։

Ըստ արցախցու՝ բանկից ասում են՝ «կա՛մ այս 900 հազարը վերցրեք, կա՛մ դատի տվեք, ամիսներով սպասեք, որովհետև ոսկի չկա»։

Հասկանալի պատճառներով Հայաստանում կյանքը շարունակել փորձող արցախցի ընտանիքին գումար է հարկավոր, ստիպված վերցնում է առաջարկած գումարը, չնայած նրան, որ ոսկին արժեր բավականին մեծ գումար՝ հաշվի առնելով ադամանդների առկայությունը։

«Բանկից պատասխան ստացանք, որ ոսկիներով տոպրակները իրար են խառնվել, իրենք այդպես են մարդկանց խաբում։ Ասացին՝ «կա՛մ այս գումարը վերցրեք, կա՛մ դատի տվեք»։ Բայց ես  չեմ կարող սպասել, փոքր երեխաներ ունեմ և չեմ կարող ընկնել այստեղից այնտեղ»,- ասաց մեր խաբված զրուցակիցը։

Սվետլանան հավելեց, որ ինքը միակը չի, որ նման պատասխան է ստացել։ Բայց ի՞նչ կարող են անել: Ստիպված հարմարվել այս իրողություններին....

Մարիաննա Արամյան