Freightliner բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա. վիրավորներ կան

Այսօր արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա և, ինչպես ժողովուրդն է ասում է, Mercedes-ը վերածվել է «թղթե գարդոն»ի:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքենան դարձի բերելու համար դեպքի վայր պետք է բերվի վերամբարձ կռունկ: