Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ․ համերգ՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը

Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ․ համերգ՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը

Դեկտեմբերի 7-ը 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Ընդամենը օրեր անց ողբերգության 35-րդ տարելիցն է:

35 տարի առաջ, ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, երկրաշարժը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ այդքան հաշմանդամություն ձեռք բերեցին,  անօթեւան մնաց 530 հազար բնակիչ:

Սա լոկ թվեր չեն, այլ ճակատագրեր, այս մարդկանցից շատերը մինչ օրս կրում են այդ ողբերգության դրոշմը:

Երեք տասնամյակ է, ինչ դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Ճիշտ է, այդ օրը պաշտոնապես սգո օր չի նշվում և այն աշխատանքային է, բայց տարիներ շարունակ այդ օրը բոլոր ձայները մի քանի տոնայնություն ցածր են, համերգներ, ուրախ միջոցառումներ չեն անցկացվում՝ գոնե մեծ մասշտաբով: Սակայն կյանքը ցույց տվեց, որ այն, ինչ թվում է տրամաբանական, որոշ դեպքերում այդքան էլ տրամաբանական չէ:

Պարզվեց, որ Երևանի կենտրոնական համերգասրահներից մեկում դեկտեմբերի 7-ին մեծ համերգ է սպասվում՝ «Արցախը՝ մունք ենք» խորագրով, որի կազմակերպիչ նշվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք ՀԿ-ն։ 

Համերգը, նշենք, բարեգործական է:

MediaHub-ը կապ հաստատեց նշված ՀԿ-ի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է այդ օրն ընտրվել համերգի համար, անկախ նրանից, թե ինչ խորագիր է այն կրում: Համերգի կազմակերպիչ Լուսինե Նազարյանի խոսքով՝ Կառավարությունից որևէ ընդվզում կամ հարց չի հնչել, թե ինչու է այդ օրն ընտրվել  բարեգործական համերգի համար։ Նման հարցադրում արել են արտիստները, բայց, ասաց մեր զրուցակիցը, դա հիշատակի երեկո է լինելու, տոնական համերգ չի լինելու։ 

«Երբ ընտրվել է դեկտեմբերի 7-ը, առհասարակ միտում չի եղել ու մտածված չի եղել։ Ուղղակի դա միակ օրն էր, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահը ազատ էր և հարմար էր արտիստներին (ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով օրվա խորհուրդը – խմբ.)։ Ինչու որոշեցինք համերգը կազմակերպել, որովհետև մենք կոմերցիոն գործունեություն չենք ծավալում, բայց մեզ արցախցիները շատ էին ուղղում նամակներ՝ մտածելով, որ այն կառույցն ենք, որը կունենա դրամական միջոցներ որևէ ձև նրանց աջակցելու համար։ Համերգի գաղափարը ծնվեց այն գիտակցմամբ, որ փոքր ներդրումով գոնե կկարողանանք օգնել արցախցիներին առաջնային կարիքները հոգալ տոների շեմին»,- ասաց մեր զրուցակիցը։

Շեշտեց, որ համերգի հասույթն ուղղվելու է բռնի ուժով տեղահանված արցախցի ընտանիքներին, այդպես է նշվում նաև տոմսերի վաճառքով զբաղվող կայքում։

«Մեր նախաձեռնությանը կառավարությունը, որպես այդպիսին, համաձայնություն տվել է և կառավարությունն է աջակցել, որ մենք համերգասրահում կարողանանք որևէ զեղչ ստանանք: Եվ որպես կազմակերպիչ շնորհակալ եմ արտիստներից, որոնք կմասնակցեն, քանի որ շատ արտիստներ հրաժարվել են մասնակցել «Արցախ» բառը լսելու պատճառով: Նրանք այն արտիստներն են, որոնք տարիներ ի վեր կապված են եղել Արցախի հետ, որոնք իրենց երգերը նվիրել են հայրենասիրությանը և Արցախին։ Այսօր մշակույթը քաղաքականացնել, ցեխ շպրտել հայ ժողովուրդի համար հարիր չէ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ որքան էլ գաղափարը լավ նպատակներ է հետապնդում, բայց դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է, Լուսինե Նազարյանը նշեց, որ տարիներ ի վեր հիշելու ենք այդ օրը, բայց երկրաշարժից հետո բազմաթիվ զոհեր են եղել՝ քառօրյա պատերազմում, 44-օրյային: Ասաց, որ այս հիշատակման երեկո է, որտեղ շատ արցախցիներ ենք հրավիրել։

«Շատ շահարկումների թեմա է դառնում դեկտեմբերի 7-ը, բայց այստեղ դեկտեմբերի 7-ը չի պատճառը։ Բավական մեծ արձագանք է առաջացրել «մունք» բառը։ Որոշ օգտատերեր հրապարակումներ են արել, սադրում են, թե ինչու ենք «մունք» բառը գրել, մայրենին ինչու ենք աղավաղում և այլն։ Նման քոմենթներով իբրև փորձում են խոչնդոտել համերգին, բայց համերգը կայանալու է»,- ասաց նա։

Նազարյանը կրկնեց, որ դեկտեմբերի 7-ը առհասարակ պետք չէ շահարկել։ Եվ հավելեց, որ համերգը կհետաձգվի միայն այն ժամանակ, երբ գրություն ստանան կառավարությունից։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին կայանալիք համերգին երգելու են Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սոնան, Գայա Արզումանյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Գրիգորյանը, Լիաննան և այլն:

Մարիաննա Արամյան