Միրզոյանի մտքի կոնտրաստը

Միրզոյանի մտքի կոնտրաստը

«Էս ուլտիմատիվ կեցվածքը կա, էս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են», - երեկ ԱԺ-ում, խորհրդարան- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

Իսկ բանակցությունները, խոստովանում էր Միրզոյանը, ամենևին խաղաղության երաշխիք չեն.

«Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»:

Միրզոյանն, ըստ էության, նորություն չի ասել՝ ընդամենը բացահայտելով այն իրողությունները, որոնք բարձրաձայնվել էին Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում:
Հենց այստեղ է իշխանության անելիքի, մտքի կոնտրաստը:

Անցած շաբաթ օրը Թալիշում Ադրբեջանի նախագահն, ըստ էության, խոսում էր ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ ուլտիմատումի, Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելու մասին, ինչին մտադիր է հասնել՝ կա՛մ Երևանին փաստաթուղթ պարտադրելու, կա՛մ էլ՝ պատերազմի միջոցով:

Արդյո՞ք նույն բովանդակությունն ունեն նաև Երևանին փոխանցված Բաքվի պաշտոնական առաջարկությունները, որոնց բովանդակության մասին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համառորեն լռում է՝ բանակցային տեղեկատվությունը փակ պահելով ինչպես հասարակության, այսպես էլ ընդդիմադիր պատգամավորների համար:

Այդ լռությունը գին ունի. արդեն 100 օրից ավելի է շրջափակման մեջ է Արցախը, երեկ Երասխի սահմանային հատվածում թշնամու կրակոցից հայ զինծառայող է զոհվել:
Իշխանությունը չի խոստովանում իր քաղաքականության ֆիասկոն, ինչի հետևանքների համար վճարում է հայ ժողովուրդը:

Վահրամ Բագրատյան