Երևանի քաղաքապետարանը՝ Ավինյանի ամբիցիաների պատանդ

Երևանի քաղաքապետարանը՝ Ավինյանի ամբիցիաների պատանդ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով մի ամբողջ գերատեսչություն դարձրել է իր քաղաքապետական ամբիցիաների պատանդ: 

Չկայացած նիստ 

Երևանի ավագանու երեկվա արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չկար։ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունն, ինչպես նախօրոք հայտարարել էր, այդպես էլ չներկայացավ նիստին։
Արտահերթի երեկվա օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր․ ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեին։ Օրենքը պարտադրում է, որ այդ թեկնածուն ավագանու անդամ լինի։
 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը դեռ անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել, հետևաբար նաև ընտրության օրվա նիստին չեն ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն էլ չի լինի։ 

Հանուն Ավինյանի 

2018-ին համանման իրավիճակում՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնաց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների: Դա է պահանջում նաև օրենքը: Հիմա իրավիճակ է փոխվել, չկան նախկին վարկանիշները, Փաշինյանի թիմը թքած ունի օրենքի վրա և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի:
Այս պահին էական է համարվում ամբողջ քաղաքային իշխանությունն Ավինյանի ձեռքում կենտրոնացնելը, որպեսզի սեպտեմբերի ընտրություններում հնարավոր լինի ապահովել ՔՊ հաղթանակը:

Վահրամ Բագրատյան