Մեկ տարուց ավելի է՝ արմավիրցիները երազում են հանրային տրանսպորտ ունենալու մասին

Մեկ տարուց ավելի է՝ արմավիրցիները երազում են հանրային տրանսպորտ ունենալու մասին

Արխիվային լուսանկար

 

Մեկ անգամ չէ, որ MediaHub-ն անդրադարձել է Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայնքների տրանսպորտային խնդրին։ Երևան քաղաքից Արմավիր և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում։ 

Դադարեցված է նաև Արտենի-Արմավիր և Մեծամոր-Երևան երթուղիների սպասարկումը։

Պատճառն այն է, որ համայնքները սպասարկելու համար հայտարարված մրցույթում հաղթել է «Գալակտիկա տրանս» ընկերությանը, սակայն ՏԿԵ նախարարությունն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները։ Դրանից հետո «Գալակտիկա տրանս»-ը դատի է տվել ՏԿԵՆ-ին, սակայն դատական գործընթացը շարունակվում է մինչ այս պահը։

Եվ այս ընթացքում, քանի դեռ չկա դատարանի որոշում, «Գալակտիկա տրանս»-ի մեքենաներն իրավունք չունեն սպասարկելու քաղաքացիներին։ Վերջիններս էլ մնացել են 5-6 հոգով Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ գնացող մեքենաների հույսին։

«Մի քանի սպրինտեր էլ կա, որ չենք հասկանում՝ ում են պատկանում, ինչ սկզբունքով են աշխատում։ Մեկ կան, մեկ՝ չէ։ Հատկապես բարդ է էն մարդկանց համար, որոնք ոչ թե Արմավիրից են փորձում մեքենա նստել, այլ ճանապարհից։ Մի ժամից ավելի կանգնում են մարդիկ, որ գոնե մի մեքենա գա, այն էլ պարզ չէ՝ գոնե կանգնելու տեղ կլինի՞ մեջը, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում նեղսրտած պատմեց համայնքի բնակիչներից մեկը։

ՏԿԵՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ իրենք հայտարարել են մրցույթ՝ Արմավիր-Երևան երթուղին ժամանակավոր սպասարկելու համար։

Հարցին, թե արդյո՞ք այդ մրցույթին որևէ ընկերություն դիմել է, ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը նշեց՝ այդ մրցույթում հաղթել է «Երկու ընկեր» ընկերությունը, որը և սպասարկում է երթուղին։

«Եթե խախտումներ կան չվացուցակում, ապա այդ հարցով արդեն տեսչական մարմինը պիտի զբաղվի»,- նշեց ՏԿԵՆ խոսնակը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ MediaHub-ին հայտնեցին, որ իրենց թեժ գծին այս խնդրի հետ կապված ահազանգեր եղել են։

«Այստեղ խնդիրը մի փոքր այլ է։ «Երկու ընկերը» մրցութային կարգով չի հաղթել, ու ՏԿԵՆ-ը հստակեցված չվացուցակ չունի։ Սա ուղղակի այլընտրանքային լուծում է նախարարության կողմից։ Մոտ մեկ ամիս է, ինչ այս լուծումն է առաջարկվել քաղաքացիներին։ Եթե անգամ մենք հիմա կանգնեցնենք մեքենաներին, ապա որևէ արձանագրություն չենք կարող կազմել, քանի որ ՏԿԵՆ-ով հաստատված չվացուցակ չկա»,- նշեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Նա նկատեց՝   Արմավիրի մարզը միշտ խնդրահարույց է եղել, այսինքն՝ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացվել են, թե՛ «Գալակտիկա տրանս»-ի հետ կապված խնդիր է եղել, թե՛ «Երկու ընկեր»-ի (դեպի Վաղարշապատ ապօրինի ուղևորափոխադրումներ է իրականացվել - խմբ․):

Նարե Գնունի