Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը կնպաստի Արցախի բնիկ ժողովրդի վերադարձը պատմական հայրենիք

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը կնպաստի Արցախի բնիկ ժողովրդի վերադարձը պատմական հայրենիք

«Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը հիմնված է 3 հիմնական կետերի վրա․ առաջինը, բնականաբար, պետք է լինի քաղաքական ճնշումներ բանեցնելն Ադրբեջանի դեմ, նույնիսկ պատժամիջոցներ, եթե Ադրբեջանը խաղաղություն չհաստատի Հայաստանի հետ, և անշուշտ քննարկել արցախցիների վերադարձի հարցը»,- MediaHub-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնում Բեյրութի ամերիկյան համալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Եղիա Թաշչյանը։ 

Նա կարծում է, որ հատկապես այս ժամանակահատվածում, երբ ուժերի անհավասարություն է, իսկ տեղահանված արցախցիները հուսահատության մեջ են, գուցե իր խոսքը ռեալ չընկալվի, բայց վերադարձի իրավունքի հարցը, որն ամրագրված է միջազգային բոլոր կոնվենցիաներում, պետք է օգտագործել, իսկ այս թեման մշտապես թեժ պահել։

«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ այն, ինչ կատարվեց Նախիջևանում, նույնը չկատարվի Արցախում։ Խոսքը նաև մշակութային ժառանգության պահպանումն է։ Որպեսզի սա կանխվի ու քաղաքական շանտաժը բացառվի՝ պաշտոնական Բաքուն ու Երևանը պետք է ակտիվացնեն բանակցությունները»,- ասում է քաղաքագետը։

Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը վերջին ուսումնասիրությունը չէ, որ կատարել է քաղաքագետը։ Միջին Արևելքի ու Ամերիկայի հետազոտական կենտրոնների միջազգայնագետների ու միջազգային օրենքի փորձագետների հետ նա ուսումնասիրել է նաև տարբեր երկրների հակամարտության գոտիներում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք պատճառ են դարձել, որ բնիկ ժողովուրդները լքեն իրենց բնակավայրերը։

«Հիմնվելով այն փաստերի վրա, որը կատարվել է 2023-ին որպես էթնիկ զտում, միջազգային լոբբինգով հնարավոր է, որ արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք։ Այս ամենը մենք դիտարկում ենք միջազգային օրենքով, որն, անշուշտ, դա թույլ է տալիս։ Դրա մասին խոսում են թե՛ ԱՄՆ կառավարությունը և թե՛ Եվրոպական միությունը, ինչպես նաև միջազգային դատական ու քաղաքական կազմակերպությունները»,- ընդգծում է  Թաշչյանը։ 

Այս ենթատեքստում ոչ միայն միջազգային հանրությունը, այլև հայկական լոբբինգը մեծ անելիք ունի։ Հայաստանի և Ադրբեջանի առաջ բերած խաղաղության պայմանագրի առաջին գործոններից մեկը պետք է լինի էթնիկ զտումից փրկված փախստականների վերադարձի հարցը, ապա նոր քննարկվի պայմանագրի մյուս դրույթները։

Հունան Թադևոսյան