Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների թվի աճը

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հոսքը դեպի ՀՀ տարածք բավականին աճել է, որի հիմնական պատճառը ընթացող ռազմական գործողություններն են։ Այս մասին MediHub․am-ի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
«Մենք ելքերի և մուտքերի արդյունք առաջին եռամսյակի տվյալներով միայն ՌԴ քաղաքացիների մասով գրանցել ենք 4007 թիվը, սակայն վստահ ենք, որ այդ թիվը շատ ավելի մեծ է՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջին եռամսյակում որպես իրավաբանական անձ գրանցվածների թիվը գերազանցում էր 1500-ը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մարտ ամսին արդեն ռազմական գործողությունների հետևանքով ռուսների (խոսքը էթնիկ պատկանելիությամբ ռուս` ՌԴ քաղաքացիների մասին է) մուտքը ՀՀ տարածք շատ մեծ է եղել:
«Հիմա դժվարանում ենք հստակ կանխատեսումներ անել, թե եկող-գնացողների քանի տոկոսն է երկարաժամկետ մնում ՀՀ-ում, քանի որ ՌԴ քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ, ՀՀ-ում իրավունք ունեն 180 օր առանց որևէ հաշվառման, ցանկացած գործունեություն ծավալել, այդ թվում աշխատանքային։ Այդ 6 ամիսների ընթացքում մենք կտեսնենք, թե որքան քաղաքացի կվերցնի տեղեկանք միգրացիոն ծառայությունից, ովքեր ցանկանում են ավելի երկարաժամկետ գործունեություն ծավալել ՀՀ-ում, ըստ այդմ՝ կկարողանանք դինամիկա հաշվարկել, թե ինչքան է աճել այդ թիվը, օրինակ թե նախկինում ՌԴ քաղաքացիների քանի՞ տոկոսն էին ՀՀ-ում աշխատում և թե այս տարվա ընթացքում ի՞նչ պատկեր կունենանք»,- հավելեց նա։
Միգրացիոն ծառայությունից մեզ հետ զրույցում հավելեցին նաև, որ հունվարի 1-ից մինչ այս պահը 1091 դիմում է եղել ՀՀ-ում աշխատող ՌԴ քաղաքացիներից՝ բնակության օրինականությունը հաստատելու նպատակով։
Մերի Գևորգյան