«Բարի ճանապարհ»․ իշխանականները Սիրիա են մեկնում առանց ընդդիմության 

«Բարի ճանապարհ»․ իշխանականները Սիրիա են մեկնում առանց ընդդիմության 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, մի քանի օրից Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Շիրակ Թորոսյանը Դամասկոս են մեկնելու: 

Բարեկամական խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար սա առնվազն տարօրինակ որոշում է, երբ բարեկամական խմբի անդամները գործուղման են մեկնում առանց ղեկավարի։ MediaHub-ի հետ զրույցում Մանուկյանը կարճ մեկնաբանություն տվեց՝ բարի ճանապարհ։ 

«Սա կրկին խոսում է իշխանության նեղմտության, քաղաքական և ազգային անգրագիտության ու բոբիկության մասին։ Իրենց կարծիքով՝ ԱԺ-ն և ՀՀ-ն իրենց КВН-ներն ու մանկապարտեզներն են։ Պաշտոնապես տեղյակ չենք եղել։ Ամիսներ առաջ Սիրիայի խորհրդարանի նախագահը Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատվիրակությանը հրավիրել է Սիրիա, և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի սիրիական կողմի ղեկավարը մեզ փոխանցել է այդ մասին։ Նույնիսկ Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը գրավոր ԱԳՆ է դիմել այդ հարցով։ Արհեստականորեն գործուղումը ձգձգվում էր, և այդ փոխադարձ այցը չկայացավ։ ԱԺ նախագահի հետ քննարկումներ ենք ունեցել այս հարցով, հետո արդեն ականջիս ծայրին հասնում է, որ Դամասկոս նման պատվիրակություն է մեկնում»,- ասաց նա։ 

Մանուկյանի համար ամենազարմանալին այն է, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն է ղեկավարելու պատվիրակությունը։

«Ո՞ւմ հրավերով է նա մեկնում, եթե հրավերը ուղղված է եղել բարեկամական խմբի ղեկավարին: Իհարկե, մեր ուշքն ու միտքը ճամփորդելը չէ։ Դաշնակցականները Սիրիա էին մեկնում, մեր սիրիահայ հայրենակիցների կողքին էին լինում, երբ դեռ Հալեպում դժնդակ պատերազմական օրերն էին։ Ուղղակի այստեղ պետական մտածելակերպի բացակայությունն է»,- ամփոփեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավարն է Իշխան Սաղաթելյանը:

Լիաննա Թորոսյան