Երբ կբացվի «Մալաթիա» տոնավաճառը

«Մալաթիա» տոնավաճառը դեռ չի բացվել: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով երեկ կանխատեսում էր, որ արդեն այսօրվանից տոնավաճառը կգործի:
Նա նշեց, որ վերջին երկու օրերին ահռելի ծավալի աշխատանք են կատարել, և շարունակում են նույն տեմպերով, որպեսզի կարողանան բոլոր խախտումները վերացնել.
«Մտածում էի, որ այսօր արդեն կկարողանանք բացվել, բայց մարդիկ էլ հոգնում են, ես էլ չեմ ուզում պարտադրեմ, երբ կհասցնենք՝ կհասցնենք: Կարևորը բոլորը գիտեն հանուն ինչի ենք տանջվում»,- ասաց նա:
Ավետիսյանը տեղեկացրեց, որ գործում է տոնավաճառի բաց տարածքը՝ ավտոպահեստամասերի վաճառքը, իսկ մնացածը հույս ունեն, որ կբացվեն արդեն վաղը:
«Երևի վաղը, այսօր կավարտենք: Աշխատողները գալիս են, հարցնում են, բոլորն իմ կողքին են, իմ խոսքն իրենց համար արժեքավոր է, հավատում են ինձ»,- ասաց նա, պատասխանելով հարցին, թե արդյոք դժգոհություն չունեն աշխատակիցներն իրենից: Ասում է՝ չեն դժգոհում, միշտ ինչ ասել՝ արել է, հիմա էլ լավ տեսնում են, որ տաս օրվա աշխատանքը երկու օրում գրեթե ավարտին է հասցվել:
MediaHub-ը հիշեցնում է, որ 2022 թվականի հոկտեմբերին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում 17 խախտում է արձանագրել։ Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։ Ընդգծենք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։