Կալանքի ֆետիշացում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, երեկ բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նույն գործով ավելի ուշ կալանավորվեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Քրեական գործի մանրմասների մասին խոսելն անիմաստ է: Նախ, մեր տեղեկատվությունը խիստ սահմանափակ է և հետո՝ Հայաստանում վաղուց խիստ վերապահումով պետք է մոտենալ աղմկահարույց քրեական գործերին, որոնք, որպես կանոն, կամ քաղաքական ենթատեքստ են ունենում, կամ էլ՝ արտահայտվում է իշխանության որևէ շահ:
Ալեքսանյանը հայտնի փաստաբան է, ինչի պատճառով կարող էր «վաստակել» իշխանության թշնամանքը: Դատելով գործող իշխանության հռետրորաբանությունից՝ նրանց ձեռագիրն է պարբերաբար «վախեցնել» փաստաբանական ինստիտուտին, մանավանդ, որ այն էապես խանգարում է դատական համակարգի «կապիտուլյացիային»:
Նույն սկզբունքայնությունը չենք կարող վերագրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, մանավանդ, որ նրա «թեթև ձեռքով» կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն, ով, ի վերջո, դարձավ իշխանության հոգեբանական խոշտանգման զոհը:
Բայց խնդիրը պետք է դիտարկել այլ տեսանկյունից:
Ալեքսանյանն, այսպես ասած, կալանքի դատավոր է ու հիմա, ըստ էության, մեղադրվում է հենց այն դրվագով, որ մեղադրյալներից մեկին կալանք չի տվել:
Դատավարական այս գործընթացը էլ ավելի է խստացնելու կալանքի դատավորների գործելաոճը՝ նույն ճակատագրին չարժանանալու համար։ Բազմապատիկ անգամ ավելանալու են կալանքները. հենց այս մասին է երիտասարդ դատավորի կալանքը:
Վահրամ Բագրատյան