Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (21.12.2023)

1. Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Ալի Բաղերի Քանին ու Ահմեդ Յըլդըզը դեկտեմբերի 20-21-ին Թեհրանում խորհրդակցություններ են անցկացնում: Քննարկվում են երկկողմ հարաբերությունները, մտքեր  փոխանակվում տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների՝ հատկապես Գազայի հատվածի իրավիճակի շուրջ, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ 
2. «Համաս»-ը մերժել է տասնյակ պատանդների դիմաց Գազայի հատվածում ռազմական գործողությունները մեկ շաբաթով դադարեցնելու Իսրայելի առաջարկը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին: Երեկ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Համաս»-ի լիդեր Իսմայիլ Հանիյան բանակցություններ է վարել Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում մարդասիրական նոր դադարի հնարավորության շուրջ, սակայն հանդիպումն, ըստ թերթի աղբյուրների, ավարտվել է անարդյունք։
3. Եմենի հյուսիսում հութիները մոբիլիզացնում են մարդկանց Գազայի հատված մեկնելու համար: Այս պահին տասնյակ հազարավոր երիտասարդներ են հավաքագրվել. հայտնում է Անսար Ալլահ շարժումը։ Նորակոչիկները վերապատրաստվում են հատուկ բաց ճամբարներում, որտեղ նրանք պատրաստվում են մասնակցել Գազայի հակամարտությանը: Նախկինում հութիները մի քանի հարձակումներ էին իրականացրել առևտրային նավերի վրա, ինչը ստիպեց ԱՄՆ-ին սկսել «Բարգավաճման պահապան» գործողությունը, որի նպատակն է ապահովել Կարմիր ծովում նավերի անվտանգությունը։ 
4. Իսլանդիայում՝ Ռեյկյանես թերակղզում, տեղի է ունեցել վերջին տարիների ամենամեծ հրաբխային ժայթքումը։