Ընդդիմությունը պատերազմ է առաջարկում, մենք դեմ ենք այդ արկածախնդրությանը․ ՔՊ-ական

Ցանկությունների դաշտում ես շատ մեծ ցանկություններ ունեմ Հայաստանի, Հայաստանի ապագայի ու տարածքների վերաբերյալ, բայց ես իրավունք չունեմ ռեալ պոլիտիկից դուրս գալու․ մենք պետք է հասկանանք՝ ինչ վիճակ է աշխարհում և տարածաշրջանում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի հետ կապված ինքն ինչ դիրքորոշում ունի։ 

Ըստ այդմ, պատգամավորի խոսքով՝ քաղաքացիները պետք է հիմա պարզ ընտրություն կատարեն, ընտրություն՝ խաղաղության և պատերազմի միջև։

«Ընդ որում՝ պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ Պատկերացրեք, թե ինչ աջակցություն կարող է մեզ ցուցաբերել այդ փուլում ՌԴ-ն, եթե հաշվի առնենք նրա աշխարհաքաղաքական վիճակն այս պահին»,- նշեց նա։

Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակում պետք է հասկանալ՝ նոր պատերազմի՞ ու արկածախնդրությա՞ն ենք գնում՝ դրանից բխող հետևանքներով, թե՞ խաղաղության ճանապարհով՝ պաշտպանելով ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի իրավունքները։

Հարցին, թե արդյո՞ք խաղաղության գինը Արցախի հանձնումն է, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ ոչ, սխալ հասկացան իրեն.

«Արկածախնդրությունը բերելու է Հայաստանի անկախության կորստի վտանգի և տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների։ Ուստի մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, այլընտրանք չկա»,- պարզաբանեց նա։

Գևորգ Պապոյանը նշեց նաև, որ այս առումով ընդդիմությունից դրական արձագանք ու առաջարկ կուզեր լսել, սակայն ընդդիմությունը ոչնչի մասին առաջարկ է հնչեցնում, կամ՝ նոր պատերազմ սկսելու։

«Քանի որ ընդդիմության համար կարևորը Հայաստանը կառավարելն է, ոչ թե Հայաստանի Հանրապետություն կառավարելը, իսկ Հայաստան կարող է լինել որևէ երրորդ պետության կազմում։ Իսկ ինձ համար կարևորը Հայաստանի ինքնիշխանությունն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։