Վանյան մենակ մինչև վերջին շունչը կռվեց, փրկեց կյանքեր, բայց ինքը չապրեց

Վանյա Հովհաննիսյանը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։ Դեռ 2020-ին, երբ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ինքը Ռուսաստանում էր, եկավ ու մինչև վերջին օրը կռվեց։
Չնայած հարազատների հորդորին, որոշումը վճռական էր, մնաց ու ծառայեց հայրենիքին։ «Զգում էր, որ պատերազմ է լինելու»,- MediaHub-ին պատմում է քույրը՝ Անին՝ մեջբերելով եղբոր այն խոսքերը, որ «թուրքից վրեժ ունի»։
Վանյան դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 18-ին։ Տեղեկացել է մոր ու քրոջ որպիսությունից ու հետո կապը կորել է։
«Գնդացրորդ էր Վանյան։ Հրամանատարի հետ դիրքում 10 հոգի են եղել, բոլորը իրենց տեղում թշնամու հարյուրավոր զորքի դեմ կռիվ են տվել, նույն դիրքի հակառակ կողմում նաև հորեղբորս տղան էր։ Փրկված ընկերները պատմում են, որ երբ դիրքն անընդհատ հրետակոծվում էր, վիրավորներ ու զոհեր շատ կային, որոշեցին հետ քաշվել։ Ոտքով մինչև Գետավան քայլել են ու այդ ընթացքում դեռ լսվում էր միայն Վանյայի ПК-ի ձայնը»,- պատմում է Անի Հովհաննիսյանը։
Վանյան միայնակ շուրջ մեկ ու կես ժամ կռիվ է տվել։ Ընկերները, երբ այլևս չեն լսել գնդացիրի ձայնը, հասկացել են՝ ինքն էլ զոհվեց։
Այդ օրը նույն դիրքում 4 հոգի անմահացան։
«Պատերազմից 2 օր հետո հորեղբորս տղան կապի դուրս եկավ, ասաց 5 հոգով փրկվել են, ողջ են, բայց շրջափակման մեջ են, իրենցից մեկը վիրավոր էր, իսկ Վանիից ու մյուսներից տեղեկություն չունեն։ Մենք հույսով սպասում էինք, որ ինքն էլ հրաշքով փրկված կլինի, բայց, ինքը նախընտրեց պապայի մոտ գնալ»,- ասում է հերոսի քույրը։
Անորոշության ու հուսահատության մեջ Հարությունագոմերից Անիի մայրն ու մյուս հարազատները տարհանվել էին Ստեփանակերտ, անգամ չեն հասցրել վերցնել անհրաժեշտ իրեր, կամ ինչպես Անին է ասում, ամենաթանկը՝ հոր նկարը։ Վանյայի մասին լուրեր էին փնտրում օպերատիվ շտաբում, շրջափակումից փրկված տղաներից, դիրքերից տարհանված վիրավորներից։ Նրան որոնում էին հիվանդանոցներում, վիրավորների մեջ։ Բայց, վատ լուրը ավելի շուտ հասավ․ Վանյան դիրքում անմահացել է գնդացիրը գրկած։
Մեր զրույցի ընթացքում Անին անընդհատ արտասվում է. «Գոնե կապի խնդիր չլիներ, կարողանայի խոսել հետը…»։
Փրկարարները դիրքում նահատակված տղաների հետ իջեցրին նաև Վանյայի դին։ Նա հուղարկավորվեց հոկտեմբերի 15-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Վանյա Հովհաննիսյանը սիրահարված էր հայրենիքին և հանուն նրա էլ զոհվեց հերոսաբար, և սա միակ հուսադրող բանն է, որ մեղմում է հարազատների ցավը։
Հունան Թադևոսյան