Իշխանությունները չպետք է մանկամիտ նեղացկոտությամբ առաջնորդվեն ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Կոստանյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խուսափել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց. MediaHub.am-ի տեղեկություններով՝ այս անգամ էլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և չի մասնակցի նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովին, ինչպես արել է վերջին մի քանի հանդիպումներին:
Իսկ այսօր պարզվեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։
«Սա հերթական հարված է հայ-ռուսական հարաբերություններին։ Հետևական ձևով փորձում են շարունակել և նույնիսկ ավարտին հասցնել հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը։ Այս ուղությամբ նոր չէ աշխատանք տարվում՝ տասնյակ տարիներ այն ժամանակ ընդիմադիր դիրքերից հանդես եկող այսօրվա իշխանության ներկայացուցիչներն էին, որ պարբերաբար արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղությամբ ինտեգրացիայի ակցիաներ էին անցկացնում և հակառուսական տրամադրություններ զարգացնում»,- ասաց Աննա Կոստանյանը։
Ըստ ԱԺ նախկին պատգամավորի, լինելով իշխանություն, իրենք փոխում են հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը։ Միևնույն ժամանակ, Կոստանյանը նշեց, որ ՌԴ-ի ծրագրերն էլ Հայաստանի առնչությամբ, առհասարակ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու կամ դադարեցնելու առումով անհասկանալի են։ Բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, ամենաբարձր մակարդակով հարցազրույցներին հետևելով տեսնում ենք՝ կրավորական մոտեցումներ են։
«Իշխանությունները չպետք է մանկամիտ նեղացկոտությամբ առաջնորդվեն: Հայ-ռուսական հարաբերություններն, այո, այդպիսի իդեալական վիճակում չեն եղել, քանի որ ռուսական կողմը նույնպես ունի ահռելի բացթողումներ։ Այն աշխատանքը, որ տարել է Արևմուտքը Հայաստանում, այդ աշխատանքի 0,1%-ն անգամ չի արել Ռուսաստանը, որ հայ-ռուսական հարաբերությունները հարցականի տակ չդրվեն։ Եվ սա հերթական սաբոտաժ է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, և կարելի է սպասել ավելին։ Նենց տպավորություն է, որ ՌԴ-ի համար Հյաստանը կա կամ չկա, մեծ հաշվով, էական չէ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում։ Նիկոլ Փաշինյանը մե՛կ հակառուսական հայտարարություններ է անում, մե՛կ ասում, որ Հայաստանը արտաքին վեկտորը չի փոխում:
Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին չմեկնեց Բիշքեկ և չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, իսկ հիմա էլ չի մեկնում Մինսկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։
Մարիաննա Արամյան