Ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դինամիկան այնքան էլ լավ չէ․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դինամիկան այդքան էլ լավ չէ. Կիևը հաճախ փոխում է իր դիրքորոշումը արդեն համաձայնեցված հարցերի շուրջ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Քիչ առաջ (ՌԴ-խմբ.) նախագահը հայտարարեց, որ այն ընթանում է ըստ պլանի։ Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի շրջանակներում փորձագիտական մակարդակով շփումները շարունակվում են: Ուզում եմ նաև հիշեցնել նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմը որոշակի կայունություն չի ցուցաբերում, համաձայնեցված կետերում դիրքորոշումը հաճախ փոխվում է։ Բանակցային գործընթացում առաջընթացի դինամիկան այնքն էլ լավ չէ», – ասել է Կրեմլի խոսնակը։
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունը, թե Կիևը պատրաստ կլինի քննարկել Ղրիմի կարգավիճակը և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, եթե Մոսկվան դուրս բերի զորքերը Ուկրաինայից, Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն «առայժմ պատրաստ չէ հրապարակայնացնել այն ասպեկտները, որոնք քննարկվում են բանակցությունների ընթացքում»։
Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից։ Մի քանի հանդիպում տեղի է ունեցել Բելառուսում, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ։