Միջնորդել եմ, որ Արկադին ու Վրույրն առերեսվեն․ փաստաբան

Մինչև հիմա Վրույն ու Արկադին չեն առերեսվել, ես միջնորդություն եմ ներկայացրել դրա վերաբերյալ։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։
«Այս ընթացքում հարցեր են առաջացել գործի նյութերի հետ կապված»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։
Հիշեցնենք նաև, որ հունվարին որոշում է կայացվել Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգել։
Լիաննա Թորոսյան