Լոռու մարզպետարանում անհանգիստ են 

Լոռու մարզպետարանում անհանգիստ են 

2024-ը Նիկոլ Փաշինյանը սկսեց կադրային ջարդով. դեկտեմբերի վերջին օրերին պաշտոնանկ արվեց ԲՏԱ նախարարը, ապա հունվարի սկզբին  իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Լոռու և Արմավիրի մարզպետները:

Պատճառն այն էր, որ աշխատանքային այցերի ընթացքում Փաշինյանը թերացումներ էր նկատել երկու մարզերում իրականացվող շինարարական ծրագրերում․ մի տեղ դպրոցի զուգարանն էր ապակե դռներով, մյուսում՝ դպրոցի մարզադահլիճում տեղակայված լոգասենյակի ցնցուղի որակը նրա դուրը չէր եկել։

MediaHub-ն արդեն գրել է, որ Լոռու մարզպետի պաշտոնում շրջանառվում են ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի և Արեն Մկրտչյանի անունները, ընդ որում վերջինի մասով ասացին, որ հենց ինքն է իր անունը դրել շրջանառության մեջ:  

MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին բավականին խառը վիճակ է Լոռու մարզպետարանում, քանի որ ոչ ոք հստակ չգիտի՝ ինչ է լինելու, ով է գալու և ովքեր են ստիպված լինելու հրաժեշտ տալ իրենց պաշտոններին։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ բոլորը սպասում էին, որ մարզպետ կնշանակվի արդեն վաղը՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, բայց այս պահի դրությամբ վաղվա նիստի օրակարգում նման հարց ընդգրկված չէ.

«Սովորաբար, երբ մարզպետ էր փոխվում, նորը մինչև նշանակումը գալիս էր մարզպետարան, մոտավոր հասկանում ինչ-ոնց, բայց էս պահի դրությամբ ոչ մեկին, ում անունները շրջանառվում են, չենք տեսել»,- ասաց նա:

Ի դեպ, բացի Արփի Դավոյանի և Արեն Մկրտչյանի անուններից, մարզպետարանի ներսում շրջանառվում է ևս մեկ անուն՝ վարչության նախկին պետ Արամ Ղազարյան, թեև մեր զրուցակիցը այս տարբերակը քիչ հավանական է համարում:

Ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանին, ապա մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին օրերին առավել ակտիվ է նրա անունը շրջանառվում, սակայն տարեվերջյան միջադեպը Ալավերդիում՝ ծեծկռտուք, դրան հաջորդած կրակոցները, վարույթի նախաձեռնումը կարող են ստվերել նրա նշանակումը:

Բացի այս, ՔՊ-ում էլ հիշում են, որ Արեն Մկրտչյանը տապալել է ընտրությունը Ալավերդիում, որը իրական գլխացավանքի վերածվեց թիմի համար:

Ի դեպ, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը օրերս հայտարարել էր, որ կարծում է, որ մի երկու մարզպետ էլ հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Մարիա Զարգարյան