Տարածաշրջանում ևս մեկ երկիր ընդգրկվեց պատերազմի մեջ․ Ալիևի ու Էրդողանի ձեռքերը էլ ավելի են երկարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հոխորտաց ու հայտարարեց, որ եթե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Նաև ավելացրեց, որ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։
Երկու օր է անցել, ՀՀ իշխանությունը լռում է, Ալիևին պատասխանող չկա: Մինչդեռ փորձագիտական դաշտը մատնանշում է, որ այս հայտարարությունը իր մեջ սպառնալիք է ներկայացնում:
Ի՞նչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը, հաշվի առնելով այն, որ Ալիևը գնում է արտահերթ ընտրությունների, արդյո՞ք սա ուղղակի պոպուլիզմ է, ի՞նչ զարգացումների սպասել տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։
«Ալիևի խոսքերը պետք է ցույց տալ այն մարդկանց, ովքեր ասում էին, թե «խաղաղության դարաշրջան» կլինի, «ապագա կա», «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք». իրենք պետք է տեսնեն այդ հայտարարությունները, որոնք երկրորդ անգամ գնացին ընտրեցին այս խմբին, որն ասում էր ասֆալտ են փռել գյուղերում։ Մենք այս ամենի մասին խոսում և զգուշացնում էինք, մեզ ասում էին, որ մեր հարևանը պատրաստվում է խաղաղության, սա՞ է խաղաղության պատրաստվելը։ Խաղաղության պատրաստվող երկիրն ասո՞ւմ է, որ մինչև ամբողջ Հայաստանը չգրավի չի հանգստանա, խաղաղության լեզուն այդպիսի՞ն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Խաչիկյանի խոսքով՝ իրենք միշտ զգուշացրել են, որ Ադրբեջանը չի կանգնելու և գնալու է ավելի ու ավելի հեռուն։
Այսօր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսեցին Եմենում, որպեսզի պաշտպանեն Իսրայելի իրավունքը բնաջնջելու պաղեստինցիներին, որտեղ 21.000 մարդ է սպանվել և ամբողջ աշխարհը քննադատում է ու ասում, որ ցեղասպանություն է տեղի ունենում, ու այդ ամենի հետ մեկտեղ Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն շարունակում են կանգնել Իսրայելի կողքին, որ շարունակի բնաջնջել պաղեստինցի երեխաներին։ Խաչիկյանի խոսքով, այս փաստը պարզապես մի դրվագ է այն մարդկանց համար, ովքեր աղաղակում են քաղաքակիրթ Արևմուտքի, մարդու իրավունքներ հարգող Եվրոպայի, ամերիկյան ու անգլիական մարդասիրության մասին։
«Տարածաշրջանում ևս մեկ երկիր է ընդգրկվել պատերազմի մեջ, մենք արդեն ունենք Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը և Եմենը։ Իմ կարծիքով՝ ամենամեծ թիրախը լինելու է Իրանը, իրենց իսկական նպատակը Իրանին ներգրավելն է պատերազմի մեջ, որից հետո մեր ամբողջ տարածաշրջանը պայթելու է։ Այդ իրավիճակում, եթե Ալիևն ու Էրդողանը մտնեն Հայաստան՝ ոչ ոք անգամ չի էլ նկատի, քանի որ ոչ մեկի համար կարևոր չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան