ՔՊ-ական «բեսպրեդելի» հետևանքները

Ազգային ժողովում ուրբաթ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։
Մինչև խնդրի քաղաքական կողմին անդրադառնալը՝ մեկ կարևոր դիտարկում: ՔԿ հաղորդագրությունը, մեղմ ասած, օբյեկտիվ կամ անաչառ չէ:
Նիստին մասնակից են եղել նաև ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ի դեպ չեն հարցաքննվել, բայց պնդում են, որ Մհեր Սահակյանի ձեռքին որևէ իր կամ առարկա չի եղել: Այս վարկածն, ի դեպ, անուղղակի հաստատվում է նաև այն փաստով, որ Մհերի ձեռքը կոտրվել է, ինչը գրեթե անհնար կլիներ, եթե նրա ձեռքին առարկա գտնվեր:
Հիմա գանք խնդրի քաղաքական կողմին:
Տեղի ունեցածը, բնականաբար, որևէ արդարացում չունի և «Հայաստան» խմբակցությունն, անշուշտ, կանի իր քաղաքական հետևությունները: Մյուս կողմից, վստահաբար, այս դեպքը չէր լինի, եթե ժամանակին իրավապահ մարմինները իրավական գնահատական տային ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ու մյուսների խուլիգանական վարքին, որի դրսևորմամբ՝ նրանք հենց ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների էին ծեծում:
Սրան հավելենք այն հանգամանքը, որ երկրում տոտալ անհանդուրժողականության աղբյուրը հենց ՔՊ-ն է, որն իր իշխանության հինգ տարիներին զբաղված է հասարակության ներսում բարիկադներ կառուցելով:
Ի դեպ, երեկ Ալեն Սիմոնյանը հրապարակավ թքել է քաղաքացու վրա՝ չնայած այս հանգամանքը իշխանության կողմից արդարացվում է:
Ստացվում է՝ մենք ապրում ենք ՔՊ-ական «բեսպրեդելի» պայմաններում, երբ օրենքը միայն ընդդիմադիրներին կամ ՀՀ քաղաքացիներին ճնշելու համար է:
Վահրամ Բագրատյան